Մեր Մասին » Իրավական ակտեր » Նոտարական էթիկայի կանոնները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ
1.Ընդհանուր դրույթներ
1. ՀՀ նոտարական էթիկայի սույն կանոնները մշակվել են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, «Նոտարական էթիկայի եվրոպական կանոնների» համաձայն և արտահայտում են ՀՀ նոտարների կողմից նոտարական գործունեության հասարակական-իրավական բնույթի ու պատասխանատվության, ինչպես նաև նոտարի մասնագիտական պարտքի կատարմանը ներկայացվող պահանջների հստակ գիտակցումը:
2․ Նոտարական էթիկան նոտարների համար սահմանված վարքագծի սկզբունքներն ու կանոններն են, որոնք ապահովում են նոտարական գործողությունների օրինական, անաչառ և բարեխիղճ իրականացումը։ Այս սկզբունքներն են երաշխավորում հանրության վստահությունը նոտարական համակարգի նկատմամբ։
3. Կանոնները ձևակերպում են նոտարական գործունեության մասնագիտական և բարոյաէթիկական չափանիշները, նոտարի անձնական վարքագիծը, մասնագիտական կարգուկանոնի և էթիկայի խախտումների բնութագիրը, պատասխանատվության սկզբունքներն ու ձևերը, նոտարների նկատմամբ կիրառվող տույժերի և խրախուսանքների կարգը:
4. Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:
Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:
Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:
Նոտարն իրավունք ունի մատուցելու նաև ծառայություններ, ընդ որում` տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաև նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ:
Նոտարական ակտն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ:
Նոտարական գործողությունն իրականացվում է անաչառորեն՝ բոլորի համար հավասար պայմաններով:
Իրավական անաչառությունը, հիմնված բարձր բարոյաէթիկական սկզբունքների վրա, նոտարի աշխատանքը դարձնում է իրավական պետության արդար ու արդյունավետ իրավական համակարգի անբաժանելի մասը:
5․ Սույն կանոնների դրույթները պարտադիր են նոտարների և նրանց աշխատակազմի համար:
2. Նոտարի մասնագիտական գործունեության սկզբունքները
1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նոտարիատի մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) հիման վրա:
2. Նոտարը պետք է հետևի «Լատինական նոտարիատի միջազգային միության» սկզբունքներին, որոնք ձևավորվել են նոտարիատի գոյության հարյուրամյակների ընթացքում և ապացուցել իրենց իրավական կատարելությունը:
3. Նոտարական գործունեության սկզբունքներն են․
1) նոտարական գործունեության օրինականությունը,
2) նոտարի օբյեկտիվությունն ու անաչառությունը,
3) նոտարի բարեխղճությունը,
4) նոտարի անկախությունը,
5) նոտարական գաղտնիքի պահպանումը,
6) նոտարական գործողությունների հասանելիությունը
4․ Նոտարի գործունեության սկզբունքներն ամփոփված են նոտարի երդման տեքստում, այն է՝
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ստանձնելով նոտարի պաշտոնը, երդվում եմ.
- գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և պահպանել լատինական նոտարիատի միջագային միության սկզբունքները, պահպանել նոտարական գաղտնիքը և նոտարական էթիկայի կանոնները.
-լիազորություններս իրականացնելիս լինել արդար և անկողմնակալ.
-կատարել ծառայողական պարտականություններս՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով խղճիս և պատվիս հետ,
-միշտ և ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը»:
5. Նոտարն, իր մասնագիտական պարտականությունները ստանձնելիս պարտավոր է.
1) պահպանել օրենքի պահանջները.
2) նպաստել հասարակության մեջ օրենքի և արդարության նկատմամբ հավատի ամրապնդմանը․
3) չկատարել գործողություններ հօգուտ անձնական շահերի, որոնք կարող են կասկածի տակ դնել նոտարի անկախությունն ու անաչառությունը, վարկաբեկել նոտարին, վնաս հասցնել նրա մասնագիտական պատվին ու արժանապատվությանը․
4) գործընկերներին վերաբերվել հարգանքով, վստահության և բարյացակամության ոգով․
5) նոտարական գրասենյակում հաստատել բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, ապահովել բարեկիրթ և հարգալից վերաբերմունք նոտարական ծառայություններից օգտվող անձանց նկատմամբ, ձեռնպահ մնալ հասարակության համակեցության նորմերը ոտնահարող արարքներից․
6)մՄշտապես կատարելագործել մասնագիտական գիտելիքները, ուսումնասիրել գործող օրենսդրությունն ու նոտարական պրակտիկան․
7) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն․
8) պահպանել էթիկայի նորմերը նաև էլեկտրոնային հաղորդակցության, սոցիալական ցանցերի և առցանց այլ հաղորդակցման ընթացքում․
9) պահել նոտարական գաղտնիքը․
10) իր գործունեությունն իրականացնել նոտարական գրասենյակում, որը պետք է գտնվի նրա համար սահմանված նոտարական տարածքում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի․
11) նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում շահագրգիռ անձի դիմումի հիման վրա՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարման անհնարինության դեպքում օրենքով սահմանված ժամկետում։
3.Նոտարի հարաբերությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ
1. Նոտարն օրենսդրությանը համապատասխան ապահովում է նոտարական գործողությունների կատարման համար իրեն դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները:
2. Նոտարը, նոտարական գործողություններ կատարելիս, աջակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը, բացատրում իրենց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնում կատարվող նոտարական գործողությունների հետևանքների մասին, որպեսզի իրավական անտեղյակությունը ի վնաս իրենց չգործի:
3. Նոտարը պարտավոր է պահպանել համբերություն, հարգանք նրանց նկատմամբ, ում հետ համագործակցում է անձնական կամ մասնագիտական շփման շրջանակներում` այդ թվում նաև գործընկերների նկատմամբ ինչպես նաև հետևել խոսքի կուլտուրային, վարքին ու արտաքին տեսքին:
4. Նոտարը և նրա աշխատակազմը իրավունք չունեն ներկայանալ աշխատանքի թմրադեղեր կամ ալկոհոլ օգտագործած վիճակում:
5․ Նոտարը և նրա աշխատակազմը պարտավոր են իրեն դիմած անձանց նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք:
4. Նոտարի և Նոտարական պալատի հարաբերությունները
1. Նոտարական պալատի հետ հարաբերություններում նոտարը պարտավոր է.
1) մասնակցել նոտարական պալատի կողմից նոտարների մասնագիտական միավորման հասարակական-իրավական հարցերի լուծմանը․
2) մասնակցել նոտարական պալատի ժողովներին և նրա կողմից կազմակերպվող միջոցառումներին․
3) մասնակցել մասնագիտական որակավորման բարձրացման միջոցառումներին, ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներին, այդ թվում՝ փորձի փոխանակման ծրագրերին․
4) ժամանակին և լրիվ չափով վճարել անդամավճարներն ու պահուստային ֆոնդի վճարները․
5) նոտարական պալատի հրավերով ներկայանալ նոտարական պարտականությունների կատարման հետ կապված հարցերի ուսումնասիրմանը և ծագած խնդիրների լուծմանը․
6) նոտարական պալատի հարցման դեպքում ներկայացնել փաստաթղթեր, տալ բանավոր և գրավոր բացատրություններ` կապված այնպիսի հարցերի հետ, որոնք նոտարական պալատը իրավասու է քննել․
7) սահմանված ժամկետում նոտարական պալատ ներկայացնել հաստատված ձևի վիճակագրական հաշվետվությունները․
8) նոտարական պալատի աշխատակազմի հետ հարաբերություններում դրսևորել պատշաճ վարքագիծ։
2. Նոտարը պարտավոր է պատշաճ ձևով կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները։
5. Նոտարի հարաբերությունները գործընկերների հետ
1. Նոտարը պարտավոր է.
1) գործընկերների հետ հարաբերությունները կառուցել հարգանքի, վստահության և մասնագիտական համագործակցության վրա․
2) չխոչընդոտել այլ նոտարի գործունեությանը կամ որևէ ձևով ազդել նրա բնականոն աշխատանքների կազմակերպման վրա․
3) արագ և ճշգրիտ պատասխանել նոտարական գործողությունների կատարման հետ կապված գործընկերների հարցումներին․
4) օգնել և մասնագիտական փորձը փոխանակել երիտասարդ գործընկերների հետ․
5) ինքնուրույն ձևավորել իր աշխատակազմը, անհրաժեշտության դեպքում դիմել Նոտարական պալատ աշխատակազմի ձևավորմանը օժանդակելու համար։ Այլ նոտարի աշխատակազմում աշխատանքային փորձառություն ունեցող անձին իր աշխատակազմում ներգրավվելիս նախորդ նոտարից ստանալ աշխատակցի գործնական հատկանիշների վերաբերյալ բնութագիր․
6) միջոցներ ձեռնարկել, որպեսզի նոտարական գրասենյակի աշխատակիցները հետևեն օրենսդրությանը և բարոյաէթիկական սկզբունքներին․
2. Նոտարը գործընկերների հետ հարաբերություններումիրավունք չունի.
1) բնութագրելով իր որակավորումը` նսեմացնել գործընկերների մասնագիտական արժանապատվությունը և հեղինակությունը․
2) վարել անբարեխիղճ մրցակցություն․
3) նոտարական գործունության որոշակի ասպարեզը դարձնել մենաշնորհ` դրանով խոչընդոտելով մյուս նոտարների աշխատանքը․
4) զբաղվել անհատական գովազդով, այդ թվում` համացանցում․
5) նոտարական գրասենյակ դիմած անձանց գրավել նախօրոք սահմանված գների իջեցումով, ինչպես նաև գրասենյակի աշխատանքային կարգի ու ռեժիմի հետ կապված անբարեխիղճ խոստումներով․
6) առանց նոտարական պալատի նախագահի համաձայնության ելույթ ունենալ զանգվածային լրատվամիջոցներով, նոտարական պալատի անունից ներկայանալ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և հիմնարկներում, բացառությամբ գիտամանկավարժական գործունեության:
3․ Անբարեխիղճ մրցակցությունից խուսափելու նպատակով նոտարը չի կարող գործունեություն ծավալել գործող նոտարական գրասենյակին ավելի մոտ, քան մեկ կիլոմետր հեռավորությամբ: Սույն պահանջը չի տարածվում իր հիմնական աշխատավայրից նույն նստավայրում հարյուր մետր շառավղով նոր աշխատավայր տեղափոխվող նոտարների վրա:
6. Նոտարի հարաբերությունները պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ
1. Նոտարը պետք է պատշաճ մասնագիտական հարաբերություններ պահպանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` ցուցաբերելով հարգանք և զսպվածություն:
2. Նոտարը մասնագիտական պարտականությունները կատարելիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում պետք է լինի անկախ, օբյեկտիվ, խստորեն կատարի օրենքի պահանջները:
7․ Նոտարի և նրա աշխատողների արտաքին տեսքի ստանդարտները
1․ Նոտարի կամ աշխատողի հագուստն ու արտաքին տեսքը նպաստում է նոտարի իմիջի ձևավորմանը:
2․ Աշխատանքի վայրում կամ նոտարական համակարգը ներկայացնելիս նոտարը կամ աշխատողը պարտավոր է ունենալ կոկիկ և պատշաճ արտաքին տեսք, կրի գործնական ոճի հագուստ:
8. Նոտարի վարքը ոչ աշխատանքային ժամերին
1. Նոտարը, որպես պետության և հասարակության կողմից հատուկ վստահությամբ ու պատասխանատվությամբ օժտված անձ, պարտավոր է.
1) հետևել բարոյականության և էթիկայի նորմերին․
2) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք կարող են բացասաբար ազդել նոտարի մասնագիտական պարտականությունների կատարման վրա կամ կասկած հարուցել նրա անկախության և օբյեկտիվության վերաբերյալ, ինչպես նաև բացառի ընտանիքի անդամների ներգրավվումը նոտարական գործունեության մեջ արգելել նոտար չհանդիսացող անձանց ներկայանալ որպես նոտար․
3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք կարող են վնաս հասցնել նոտարի մասնագիտական գործունեությանը կամ հասարակության մեջ նսեմացնել նրա նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը․
4) Նոտարական գործողություններ կատարելիս չտրվել գործադրվող ճնշմանը և անմիջապես այդ մասին տեղյակ պահել նոտարական պալատին և իրավապահ մարմիններին:
2․ Սոցիալական ցանցերում, ինչպես նաև այլ առցանց հարթակներում Նոտարը պարտավոր է դրսևորել պատշաճ վարքագիծ, չհրապարակել այնպիսի հայտարարություններ, մեկնաբանություններ կամ նկարներ, որոնք արժեզրկում են նոտարի դերն ու հեղինակությունը, նվազեցնում են հասարակության վստահությունը, արատավորում բարի համբավը, կամ կարող են մեկնաբանվել որպես գովազդ:
9. Նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքերը
1․ Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են․
1) օրենսդրությանը հակասող նոտարական գործողությունների կատարումը․
2) այլ հաստիքային պաշտոն զբաղեցնելը կամ այլ վարձատրվող աշխատանք կատարելը, բացի օրենսդրությամբ նախատեսված գործունեությունից․
3) նոտարական գործունեություն ծավալելը` առանց մասնագիտական պատասխանատվության ռիսկի ապահովագրության․
4) նոտարական գաղտնիքը հայտնելը․
5) նոտարական գործունեություն ծավալելը նոտարական տարածքի սահմաններից դուրս, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի․
6) օրենսդրությամբ սահմանված սակագների բարձրացումը կամ իջեցումը․
7) երեք և ավելի ամիս նոտարական պալատի անդամավճարները և այլ պարտադիր վճարումները պատշաճ չկատարելը․
8) ճշգրիտ վիճակագրական հաշվետվության, նոտարական պալատի հարցումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունու տվյալներ չտրամադրելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը․
9) նոտարի կողմից կնիքն անօրինական փոխանցելն այլ անձանց կամ կնիքը, նոտարական գրանցամատյանը, արխիվային փաստաթղթերն անփութության հետևանքով կորցնելը․
10) նոտարական պալատի անդամների ժողովներին կամ մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ կազմակերպվող միջացառումներին առանց հարգելի պատճառի չմասնակցելը, նոտարական պալատի կառավարման մարմինների նիստերին հրավիրված լինելու դեպքում` բացակայելը․
11) нոտարական գրասենյակում սահմանված աշխատանքային ռեժիմի, նոտարական գործավարության կարգի կոպիտ ու բազմակի խախտումները․
12) սույն կանոններով նախատեսված բարոյաէթիկական նորմերի խախտումը․
13) նոտարական պալատի կառավարման մարմինների ընդունած որոշումների պահանջների խախտումը:
10. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Նոտարի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում
2) նկատողություն
3) խիստ նկատողություն
4) գործունեության կասեցումը մինչև վեց ամիս ժամկետով:
2. Արդարադատության նախարարն իրավասու է կիրառելու սույն մասի 1-ին կետով սահմանված տույժերը, իսկ նոտարական պալատը` սույն մասի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգապահական տույժերը:
3. Նոտարական պալատի անդամների ժողովներին անհարգելի պատճառով երեսուն րոպե և ավելի ուշանալու դեպքում, ինչպես նաև ժողովին լիարժեք չմասնակցելու դեպքում նոտարը կարող է ենթարկվել դրամական տույժի` 200․ 000-հազար ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի նոտարական պալատի բանկային հաշվեհամարին:
4. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում նաև խախտման հետևանքները, նոտարի մեղքի աստիճանը, առկա տույժերը, նոտարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու կամ նոտարի գործունեությունը կասեցնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոտարը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
11. Կարգապահական տույժի ենթարկելու կարգը
1․ Կարգապահական վարույթ հարուցելու համար առիթ կարող են հանդիսանալ
1) դիմումը կամ բողոքը.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.
3) ՀՀ արդարադատության նախարարի, նոտարական պալատի նախագահի, , վարչության կամ էթիկայի հանձնաժողովի հաղորդումը:
2. Կարգապահական վարույթ հարուցվում է նոտարական պալատի վարչության որոշմամբ։
3. Կարգապահական վարույթի քննությունն իրականացվում է նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի կողմից «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով։
4. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կարգապահական տույժի չափի, ինչպես նաև կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումն ընդունում է նոտարական պալատի վարչությունը՝ էթիկայի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա, ընդ որում որոշումը կայացվում է, եթե ներկա են վարչության անդամների ոչ պակաս, քան կեսը: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների ոչ պակաս, քան կեսը: Ձայների հավասար լինելու դեպքում նիստի նախագահի ձայնը համարվում է որոշիչ:
7․ Կարգապահական վարույթը կարճվում է, եթե՝
1) հիմնավորված չէ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող խախտման փաստը.
2) անցել է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ժամկետը.
3) դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից.
8․ Միևնույն առիթով և հիմքով արդարադատության նախարարի և նոտարական պալատի կողմից կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում նոտարական պալատի հարուցած կարգապահական վարույթը կարճվում է:
9․ Նոտարը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումներն առաջացրած գործողությունների կատարման պահից անցել է մեկ տարի:
10. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը պետք է համապատասխանի «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված պահանջներին և որոշման պատճենն ուղարկվում է նոտարին:
11․Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր նյութերը պահվում են նոտարական պալատում` նոտարի անձնական գործում:
12. Եթե նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է ավելի խիստ կարգապահական տույժի միջոցը::
13. Կարգապահական տույժի նշանակումը նոտարը կարող է բողոքարկել դատարան՝ տույժը կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
12. Նոտարի խրախուսումը
1․Մասնագիտական պարտականությունների կատարման բարձր մակարդակի, երկարատև ու անթերի գործունեության, նոտարական պալատում աշխատանքի համար նախատեսվում է նոտարի խրախուսում.
2․ Նոտարի խրախուսման տեսակներն են․
1) շնորհակալագիր
2) գործուղում` միջազգային միջոցառումներին մասնակցելու համար
3) պատվոգիր` նոտարական պալատի կողմից
4) պարգևատրում
3․ Նոտարական պալատը միջնորդություն է անում իրավասու մարմնին պետական պարգև կամ պետական կոչում շնորհելու որևէ նոտարի:
4. Խրախուսման մասին որոշումը, իր իրավասության սահմաններում, կարող է ընդունվել նոտարական պալատի նախագահի, վարչության կամ ընդհանուր ժողովի կողմից: