Ֆրանսիական մասնագիտական Solution Notaire Hebdo նոտարական շաբաթաթերթում հրապարակվել է ՀՀ նոտարական պալատի անդամ, նոտար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս Մարինե Շահպարոնյանի և ֆրանսիացի նոտար, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոս Ստեֆան Բերրի համահեղինակած հոդվածը՝ «Ֆրանս-հայկական ժառանգության կարգավորումը» թեմայով:
Հոդվածը նվիրված է միջազգային տարր պարունակող ժառանգական գործի վերլուծությանը։ Հեղինակները կոնկրետ օրինակով ներկայացնում են, թե ինչպես է որոշվում կիրառելի իրավունքը, ինչպես է ձևակերպվում ժառանգության իրավունքը Ֆրանսիայում և Հայաստանում, ինչ հարկային հետևանքներ են առաջանում ժառանգների համար և այլ հարցեր:
Հոդվածում մանրամասն ներկայացված են ֆրանսիական, եվրոպական և հայկական իրավակարգավորումների փոխգործակցությունը, ժառանգության հարկման կանոնները, Հայաստանում գտնվող անշարժ գույքի ժառանգման առանձնահատկությունները: Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժառանգության պարտադիր բաժնի իրավունքին և միջազգային ժառանգական հարաբերություններում կտակային կարգադրությունների կատարման խնդիրներին և հնարավոր պրակտիկ լուծումներին։