Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Նոտարի միջազգային օրվա առթիվ: Հոկտեմբերի 2-ին՝ Լատինական նոտարիատի միջազգային միության հիմնադրման օրը, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը, նշվում է մեր մասնագիտական տոնը: Այս օրը հնարավորություն է տալիս արժևորելու այն մասնագիտությունը, որի հիմքում մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Սա նաև առիթ է վերաիմաստավորելու մեր առաքելությունը, որը ստանձնել ենք հասարակության և պետության առջև։
Նոտարիատը կանգնած է բարեփոխման և զարգացման նոր փուլի առաջ։ Ժամանակակից նոտարիատը պետք է լինի էլ ավելի հասանելի, ընկալելի, արագ և հարմարավետ։ Այդ նպատակով մենք պետք է շարունակենք ներդնել նոր գործիքներ՝ պարզեցնելու ընթացակարգերը, խնայելու քաղաքացու ժամանակը՝ նոտարական ծառայությունները համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին։

Միաժամանակ փոփոխությունները պետք է վերաբերեն ոչ միայն տեխնոլոգիաներին, այլև՝ մտածողությանը. նոտարիատը պետք է լինի էլ ավելի մարդակենտրոն և էլ ավելի վստահելի: Սիրելի՛ քաղաքացիներ, այս ճանապարհին մենք միշտ պատրաստ ենք լսել ձեր քննադատությունները, առաջարկները և մեր ջանքերն ուղղել ձեր իրավունքների պաշտպանությանը:

Հարգելի՛ գործընկերներ, ես մաղթում եմ, որ ձեր առաքելությունն ու ջանքերը լինեն իսկապես գնահատված: Յուրաքանչյուր նոտարի ամենօրյա աշխատանքը ձևավորում է նոտարական ամբողջ համայնքի հանդեպ հանրային վերաբերմունքը, հետևաբար մեզնից յուրաքանչյուրն է պատասխանատու համակարգի նկատմամբ ձևավորված վստահության համար։
Սիրելի՛ գործընկերներ, բարձր եմ գնահատում ձեր նվիրումը, բարեխիղճ աշխատանքն ու այն պատասխանատվությունը, որը ստանձնել եք: Մաղթում եմ ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ, առողջություն, ուժ և եռանդ: Թող ձեր մասնագիտական ուղին լինի հարթ և հաջողություններով լի, իսկ մեր նոտարական համայնքը՝ ուժեղ և միասնական: