ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ՌԴ դաշնային նոտարական պալատի կազմակերպած միջազգային գիտագործնական համաժողովին: Միջազգային համաժողովը նվիրված էր Ռուսաստանում 1866 թվականի «Նոտարիատի մասին կանոնադրության» ընդունման 160-ամյակին: Համաժողովին մասնակցում էին ՌԴ կառավարության, պետական կառույցների ներկայացուցիչներ, գիտական, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր պետությունների նոտարական պալատների պատվիրակություններ: ՀՀ նոտարական պալատի պատվիրակության կազմում էին նաև նոտարներ Սամվել Ղարիբյանն ու Ռոզա Բեկչյանը:
Միջազգային համաժողովի բացմանը ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերներին «Նոտարիատի մասին կանոնադրության» ընդունման 160-ամյակի առթիվ և ընդգծել այդ փաստաթղթի կարևորությունը նոտարիատի՝ որպես ինքնուրույն ինստիտուտի զարգացման գործում: Լիլիթ Մուրադյանը նշել է, որ 1866 թվականին ընդունված «Նոտարիատի մասին կանոնադրությունն» իր ազդեցությունն է ունեցել նաև այդ շրջանի հայկական նոտարիատի զարգացման վրա:
Ռուսաստանի գործընկերներին փոխանցելով ՀՀ նոտարական համայնքի ողջույնները՝ Լիլիթ Մուրադյանը ՀՀ նոտարական պալատի անունից ՌԴ դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկին է փոխանցել նաև հուշանվեր՝ նվիրված «Նոտարիատի մասին կանոնադրության» ընդունման 160-ամյակին: ՌԴ դաշնային նոտարական պալատի նախագահն իր հերթին շնորհակալագիր է հանձնել ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության նոտարական համայնքի հետ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի և ներդրման համար։
Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են ակտիվ մասնագիտական քննարկումներ՝ նվիրված մասնակից պետություններում նոտարիատի բարեփոխման արդիական հարցերին: Պանելային քննարկման ժամանակ ներկայացվել են նաև Ռուսաստանում նոտարիատի ոլորտում սպասվող օրենսդրական բարեփոխումները, որոնցով նախատեսվում է ընդլայնել նոտարի գործառույթների շրջանակը՝ նրան վերապահելով հաշտարարության, ինչպես նաև ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցման լիազորություններ։ Նախատեսվում է նաև անշարժ գույքի հետ կապված գործարքների համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ, ինչպես նաև բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները։