Ապրիլի 16–17-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով նորընտիր հանձնաժողովի առաջին լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, նոտար Սամվել Ղարիբյանը։ Եվրոպայի հարցերով հանձնաժողովի նոր կազմը ձևավորվել է 2026–2028 թվականների աշխատանքների իրականացման համար, և այդ հանձնաժողովի անդամ է ընտրվել նաև ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Սամվել Ղարիբյանը:
Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկօրյա միջազգային միջոցառումների շրջանակում կայացել է նաև Եվրոպական նոտարական ակադեմիայի նիստը, որը նվիրված էր Եվրոպայում անշարժ գույքի գործարքների իրականացմանն ու այդ համատեքստում նաև՝ նոտարիատի թվայնացման դերին: Թեմայի շրջանակում քննարկվել է նոտարի դերն անշարժ գույքի գործարքներում իրավական անվտանգության ապահովման, փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության և հետագա դատական վեճերի կանխարգելման համատեքստում:
Նիստի ընթացքում ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Սամվել Ղարիբյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոտարիատի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու սպասվող բարեփոխումները:
Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով հանձնաժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկվել են նաև հանձնաժողովի՝ 2026–2028 թվականների աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև անդամ պետություններում նոտարիատի բարեփոխման հիմնական ուղղությունները: Լիագումար նիստի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարվել է, որ Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով հանձնաժողովի՝ 2027 թվականի լիագումար նիստը տեղի է ունենալու Հայաստանում: