ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատն ամփոփել է հաշվետու տարին

ՀՀ նոտարական պալատն ամփոփել է հաշվետու տարին

14/03/2026

Կայացել է ՀՀ նոտարական պալատի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում նոտարական համայնքն ամփոփել է հաշվետու տարին։ Ընդհանուր ժողովի բացմանը ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի ուղերձն ընթերցել է Պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը, քանի որ Լիլիթ Մուրադյանը հարգելի պատճառով չէր կարողացել ներկա գտնվել հաշվետու ժողովին: Իր ողջույնի խոսքում Լիլիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել նոտարներին, Պալատի վարչության, մասնագիտական հանձնաժողովների անդամներին, ինչպես նաև Պալատի աշխատակազմին 2025 թվականին ՀՀ նոտարական պալատի կատարած ծավալուն աշխատանքում ունեցած ակտիվ մասնակցության և ներդրած ջանքերի համար: ՀՀ նոտարական պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին հաշվետու տարվա ընթացքում նոտարական համայնքի հետ ակտիվ համագործակցության, ինչպես նաև ՀՀ նոտարական պալատի տարեկան ընդհանուր ժողովին իրենց մասնակցության համար: Լիլիթ Մուրադյանը հույս է հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարության հետ ակտիվ համագործակցության շնորհիվ նոտարիատի ոլորտում մի շարք խնդիրներ կստանան իրենց լուծումները: ՀՀ նոտարական պալատի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ու նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն իր ողջույնի խոսքում մեծապես կարևորել է նոտարների դերն ու կատարած աշխատանքը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է նոտարիատի ոլորտի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և նախարարության առաջնահերթություններին։ Տիգրան Դադունցը, հատկապես, կարևորել է ՀՀ նոտարական պալատի հետ համագործակցությունը նոտարիատի թվայնացման ուղղությամբ, ինչպես նաև առանձնահատուկ ընդգծել է նոտարների դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում։ Ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ նոտարական պալատի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ նոտարական պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը, Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մուկուչյանը, Ուսումնամեթոդական և միասնական պրակտիկայի ապահովման հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանը և Էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը: Հաշվետու ժողովի ընթացքում նոտարական համայնքը քննարկել է նաև առաջիկա ծրագրերը, ընդունել Պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք որոշումներ։ Քննարկվել է նաև նոտարների էթիկայի կանոնների նոր խմբագրությունը: ՀՀ նոտարական պալատի ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ նոտարիատի կայացման գործում իրենց երկարամյա աշխատանքի շնորհիվ ունեցած մեծ ներդրման համար պատվոգրերով են պարգևատրվել նոտարներ Ռոբերտ Մուկուչյանը, Գայանե Ազարյանը, Հրաչյա Մկրտչյանը, Աիդա Աբրահամյանը, ինչպես նաև իր վաստակած հանգստին անցած նոտար Հայկանուշ Ֆենդյանը: Տեղի է ունեցել նաև նորանշանակ նոտարների երդման հանդիսավոր արարողությունը: «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտարներ Սեդա Նահապետյանը և Սաթենիկ Հարությունյանը, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար Մարինե Շահպարոնյանը և «Վայոց Ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մնոյանը երդվել են բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը, լինել արդար ու անկողմնակալ։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ