ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչներ, նոտարներ Գայանե Ազարյանն ու Ռոզա Բեկչյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության նախաձեռնած տեսակոնֆերանսին, որը նվիրված էր հեղինակային իրավունքի, մտավոր սեփականության, ինչպես նաև թվային ակտիվների ժառանգման հարցերին: Տեսակոնֆերանսի ընթացքում ԱՊՀ երկրների նոտարներն ու փորձագետները ներկայացրել են իրենց պետությունների փորձը՝ թվային ակտիվների, հեղինակային իրավունքների և ոչ նյութական այլ իրավունքների ժառանգման ոլորտում, անդրադարձել օրենսդրական բացերին և գործնականում հանդիպող դժվարություններին։
Նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ, նոտար Գայանե Ազարյանը զեկույցով ներկայացրել է ՀՀ-ում կրիպտոակտիվների ժառանգման իրավական կարգավորումները, օրենսդրական փոփոխություններն ու բացերը: Գայանե Ազարյանը խոսել է այս ոլորտում նոտարական պրակտիկայում հանդիպող խնդիրների մասին և առաջարկել համատեղ լուծումներ: Միջազգային տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, նոտար Ռոզա Բեկչյանը ներկայացրել է «Հեղինակային իրավունքների ժառանգումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույց՝ անդրադառնալով հեղինակային իրավունքների ժառանգման հատուկ կարգավորմանը, ժառանգվող իրավունքների ծավալին և ժառանգների իրավական կարգավիճակին: Ռոզա Բեկչյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում հեղինակային իրավունքների ժառանգման գործնական խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ լուծումներ: