Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը իրավահավասարության, ինքնաճանաչման և կնոջ ներուժի լիարժեք իրացման խորհրդանիշն է։ Այն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու կնոջ դերը թե՛ ընտանիքում, թե՛ մասնագիտական կյանքում։ Ուժեղ և կանացի, իր ընտանիքին անձնազոհ սիրով նվիրված և, միաժամանակ, նպատակասլաց ու իր մասնագիտական ուղին համառորեն կերտող հայ կինն այսօր մեր հասարակության զարգացման շարժիչ ուժերից է։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ մեր երկրում կանանց մասնակցությունը տարբեր ոլորտներում շարունակաբար ընդլայնվում է։ Միևնույն ժամանակ դեռ անելիքներ կան՝ կարծրատիպերի հաղթահարման և հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Վստահ եմ, որ կրթության և, հատկապես, իրավագիտակցության մակարդակի բարձրացման միջոցով կարող ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր կին կզգա իրեն պաշտպանված, գնահատված և ազատ։ Մենք՝ նոտարներս, մեր մասնագիտական պարտականությունների շրջանակում շարունակելու ենք նպաստել կանանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Սիրելի՛ կանայք, մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և մասնագիտական հաղթանակներ։ Թող երբեք չմարի ձեր հավատը սեփական կարողությունների հանդեպ։ Հոգ տարեք ձեր մասին նույն սիրով, որով հոգ եք տանում ձեր շրջապատի մասին։ Թող ձեր երազանքներն ունենան իրականանալու հատկություն, իսկ նպատակները կյանքի կոչվեն ձեր համառ ջանքերի շնորհիվ։