ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Մասնակցություն միջազգային գիտագործնական համաժողովի

Մասնակցություն միջազգային գիտագործնական համաժողովի

25/02/2026

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ու Պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը տեսակապով մասնակցել են միջազգային գիտագործնական համաժողովի, որը կազմակերպել էին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտն ու ՌԴ դաշնային նոտարական պալատը: Միջազգային համաժողովը նվիրված էր Ռուսաստանում 1866 թվականի Նոտարիատի մասին կանոնադրության ընդունման 160-ամյակին և կրում էր «Ռուսական նոտարիատը՝ օրենքի, պետության և անձի պաշտպանության դիրքերում» խորագիրը: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների նոտարական պալատների նախագահներ, նոտարներ, համալսարանների դասախոսներ, գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողներ, ինչպես նաև դատական և իրավապահ համակարգի ներկայացուցիչներ։ Միջազգային համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը՝ ներկայացնելով ՀՀ նոտարիատի զարգացման փուլերը, արդի մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանում նոտարիատի ոլորտում իրականացված բարեփոխումները։ Աշխատանքային քննարկումների ձևաչափով ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընտանեկան իրավահարաբերություններում նոտարի դերի կարևորությունը և վեր հանելով այդ ոլորտում նոտարի մասնագիտական պրակտիկայում հանդիպող խնդիրները: Միջազգային համաժողովն ուղեկցվել է մասնագիտական քննարկումներով՝ նվիրված քաղաքացիների իրավունքների պաշտպանության, կորպորատիվ և ընտանեկան իրավահարաբերությունների կարգավորման գործում նոտարի դերին, ինչպես նաև թվային փոխակերպման պայմաններում նոտարական գործունեության առանձնահատկություններին:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ