Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարներն ուսումնասիրել են նոտարական արդի խնդիրների լուծման ֆրանսիական փորձը
03/02/2026
Փորձի փոխանակման նպատակով ՀՀ նոտարական պալատում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ նոտարները, ֆրանսիացի նոտար, իրավաբանական գիտությունների դոկտոր, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոս Ստեֆան Բերրը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը նշել է, որ եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրման տեսանկյունից ՀՀ նոտարների շրջանում մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ֆրանսիայի նոտարական պրակտիկան։
Մասնագիտական քննարկման ընթացքում ֆրանսիացի փորձագետը ներկայացրել է նոտարիատի թվայնացման իրավական հիմնախնդիրների հաղթահարման իր վերլուծությունը։ Քննարկման առանցքում են եղել նաև թվային ժառանգությանը վերաբերող հարցեր։
Կլոր սեղան-քննարկմանն անդրադարձ է եղել նաև անշարժ գույքի գործարքների հետ կապված խնդիրներին։ Ներկայացնելով իր երկրի փորձը՝ ֆրանսիացի փորձագետը նշել է, որ Ֆրանսիայում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքները վստահված են բացառապես նոտարին։ Պետությունը քաղաքացու սեփականության իրավունքը պաշտպանելու իր պարտավորությունն իրականացնում է միայն նոտարների միջոցով, քանի որ նոտարը կառավարում է ռիսկերը, կրում է գույքային պատասխանատվություն, և նոտարների վավերացրած պայմանագրերի շնորհիվ կանխվում են հետագա դատական վեճերը։
Ստեֆան Բերրը նաև նշել է, որ Ֆրանսիայում պետությունը նոտարին է վստահել նաև հաշտարարի գործառույթներ։ Չնայած Ֆրանսիայում հաշտարարության առանձին ինստիտուտի առկայությանը՝ վերապատրաստվելուց հետո նոտարը նույնպես կարող է հաշտարարություն իրականացնել։
Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի և մասնագիտական քննարկումների ձևաչափով՝ վերհանելով ոլորտի արդի խնդիրներն ու նախանշելով դրանց հնարավոր լուծումները։