ՀՀ նոտարական պալատի պատվիրակության կազմում էին Պալատի վարչության անդամ Լինա Հովսեփյանը, նոտարներ Գայանե Ազարյանը, Անի Մութաֆյանը և Աստղիկ Մազմանյանը: Համաժողովը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության դաշնային նոտարական պալատը՝ նպատակ ունենալով հասցեագրել անդրսահմանային ժառանգության արդի հիմնախնդիրները՝ նոտարական համայնքների միջև մասնագիտական երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության, ՌԴ դաշնային նոտարական պալատի, ինչպես նաև ՌԴ դաշնային փաստաբանական պալատի ներկայացուցիչները։ Մասնագիտական համաժողովի շրջանակում քննարկվել են անդրսահմանային ժառանգության ոլորտին վերաբերող մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների դերը միջազգային տարր պարունակող ժառանգական գործերի վարման ընթացքում, միջազգային ժառանգական գործերով վեճերի դատական պրակտիկան, ժառանգության ընդունման և ձևակերպման ընթացքում փաստաբանական աջակցության նշանակությունը: Քննարկվել են նաև միջազգային ժառանգական գործերի վարման ընթացքում առաջացող գործնական խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները, մասնակից պետություններում ժառանգության իրավունքի առանձնահատկությունները, արտերկրում կազմված կտակների իրավաբանական ուժը, դրանց ճանաչման հարցերը, միջազգային ժառանգական գործերում ժառանգական զանգվածի նկարագրության խնդիրները և շատ այլ հարցեր: Համաժողովի ընթացքում ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, նոտար Լինա Հովսեփյանը հանդես է եկել զեկույցով, որի շրջանակում ներկայացրել է Հայաստանի նոտարների կողմից միջազգային ժառանգական գործերի վարման ընթացակարգերն ու այն կարգավորող օրենսդրական դաշտը: Լինա Հովսեփյանն անդրադարձել է նաև թեմային առնչվող գործնական խնդիրներին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղիները։