Մասնագիտական քննարկման ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների նոտարները ներկայացրել են նոտարական պրակտիկայում ժառանգության իրավունքի հետ կապված խնդրահարույց հարցերը, օրենսդրական կարգավորումներն ու բացերը: Կլոր սեղան-քննարկման առանցքային թեմաներից է եղել ԵԱՏՄ անդամ երկրներում ժառանգական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի և նոտարական ընթացակարգերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև նոտարական պրակտիկայում կոլիզիոն նորմերի կիրառությանը, ինչպես նաև միջազգային երկկողմ և բազմակողմ պայմանագրերում ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրներին: ՀՀ նոտարական պալատի անդամ Նոննա Քամալյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի նոտարների կողմից միջազգային ժառանգական գործերի վարման ընթացակարգերը, այն կարգավորող օրենսդրական դաշտը, աշխատանքային պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև դրանց համար առաջարկվող լուծումները: Թեմայի շրջանակում Նոննա Քամալյանն անդրադարձել է պրակտիկայում հանդիպող մի շարք խնդրահարույց իրավիճակների. օրինակ, թե ինչ դժվարությունների են բախվում նոտարները, երբ ժառանգությունը ձևակերպում են այլ երկրի նոտարի կազմած կտակով կամ երբ նմանատիպ իրավիճակում պետք է պարզել պարտադիր բաժնի իրավունք ունեցողների կազմը: Նոննա Քամալյանը նշել է, որ խնդիրները կապված են նաև իրավական ակտերի մեկնաբանման հետ, օրինակ՝ այնպիսի իրավիճակում, երբ նույն անշարժ գույքի նկատմամբ առկա է մի քանի կտակ, որոնք կազմել են տարբեր երկրների նոտարներ: ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչ Նոննա Քամալյանը խոսել է միջազգային երկկողմ և բազմակողմ նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտության մասին, որոնցում կհասցեագրվեն բարձրացված խնդիրները: Առաջարկել է նաև ստեղծել կտակների ստուգման ընդհանուր հարթակ, մշակել նոտարների միջև տեղեկությունների փոխանակման արդյունավետ մեխանիզմներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ավելի արագ լուծել միջազգային ժառանգական գործերի վարման ընթացքում ի հայտ եկող խնդիրները: Այս համատեքստում մեծապես կարևորել է մասնագիտական նմանատիպ քննարկումների կազմակերպումը, որոնք միտված են ընդհանրական խնդիրների լուծմանը: