Այս մասին հայտարարվել է Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով հանձնաժողովի 5-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում, որն այս տարի՝ նոյեմբերի 20-21-ին, տեղի է ունեցել Իտալիայի Թուրին քաղաքում: Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով հանձնաժողովի լիագումար նստաշրջանին ՀՀ նոտարական պալատը ներկայացրել է Պալատի վարչության անդամ, նոտար Սամվել Ղարիբյանը։ Նստաշրջանի առաջին օրը տեղի է ունեցել մասնագիտական համաժողով, որի ընթացքում սահմանվել է, թե ինչ է թվային ժառանգությունը, ինչպես է այն փոխանցվում ժառանգներին անձի մահվան դեպքում։ Քննարկվել են կրիպտոարժույթների, էլեկտրոնային դրամապանակների, մարդու անձնական տվյալների՝ սոցիալական ցանցերի օգտահաշիվների, էլեկտրոնային հասցեների, լուսանկարների և թվային այլ տվյալների փոխանցման, ժառանգման իրավական ուղիները։ Համաժողովի ընթացքում ներկայացվել է եվրոպական երկրների փորձը, թվային հաշիվների ժառանգման վերաբերյալ դատական նախադեպերն ու օրենսդրական կարգավորումները։ Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով հանձնաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ամփոփվել է հանձնաժողովի կատարած աշխատանքը։ Հաշվետու նիստի ընթացքում Լատինական նոտարիատի միջազգային միության ղեկավար կազմը ներկայացրել է տարեկան հաշվետվություններ միջազգային համագործակցության ընդլայնմանը, նոտարիատի թվայնացմանը և իրավական անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։ Լիագումար նիստի ընթացքում Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց երկրներում նոտարիատի բարեփոխման աշխատանքների մասին զեկույցներով։ ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, նոտար Սամվել Ղարիբյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ-ում ապադատականացման և նոտարիատի թվայնացման ուղղությամբ կատարված բարեփոխումները։ Ապադատականացման թեմայի շրջանակում Սամվել Ղարիբյանն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Հայաստանում դատարաններից նոտարներին փոխանցված նոր գործառույթները, որոնց շնորհիվ էապես նվազել է դատարանների ծանրաբեռնվածությունը։