ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարներն ուսումնասիրել են մասնագիտական արդի խնդիրների լուծման եվրոպական փորձը

ՀՀ նոտարներն ուսումնասիրել են մասնագիտական արդի խնդիրների լուծման եվրոպական փորձը

28/10/2025

 

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի համատեղ ջանքերով՝ Գերմանիայի արդարադատության նախարարության և Գերմանիայի խորհրդարանի աջակցությամբ: Երկօրյա սեմինարին մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Սեմինարի ընթացքում քննարկվել են նոտարական պրակտիկայում կոլիզիոն նորմերի կիրառությանը, ժառանգության իրավունքի և անշարժ գույքի գործարքներում նոտարի դերին վերաբերող հարցեր: Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել փողերի լվացման կանխարգելման գործում նոտարի առաքելությանն ու գործառույթներին։ Իր ողջույնի խոսքում ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին, ինչպես նաև Գերմանիայի մյուս գործընկերներին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար։ Լիլիթ Մուրադյանը մեծապես կարևորել է նոտարիատին վերաբերող միջազգային սեմինարների դերը, քանի որ դրանք ոչ միայն հարստացնում են մասնագիտական գիտելիքները, այլև ամրապնդում են միջազգային կապերն ու փորձի փոխանակման մշակույթը։ ՀՀ նոտարական պալատի նախագահն առանձնահատուկ ընդգծել է սեմինարի ընթացքում քննարկվող թեմաների կարևորությունն ու արդիականությունը, քանի որ դրանք Հայաստանում նոտարի գործունեության առանցքային մասն են կազմում: Լիլիթ Մուրադյանը նշել է, որ փողերի լվացման կանխարգելման գործում ՀՀ նոտարների դերը շարունակաբար աճում է, քանի որ նոտարներն իրավական անվտանգության ապահովման կարևոր օղակ են հանդիսանում: Երկարամյա արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման ծրագրերին աջակցելու համար ՀՀ նոտարական պալատին շնորհակալություն են հայտնել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Հայաստանի և Ղազախստանի ծրագրերի բաժնի և հոսպիտացիոն ծրագրերի ղեկավար Տատիանա Բովկունը, հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը և Գերմանիայի դաշնային նոտարական պալատի միջազգային հարցերով լիազոր ներկայացուցիչ, Լատինական նոտարիատի միջազգային միության տնօրենների խորհրդի անդամ Դր․Լովրո Թոմասիչը: Նրանք առանձնահատուկ կարևորել են փորձի փոխանակման նպատակով ՀՀ նոտարների այցերը Գերմանիա և հույս հայտնել, որ փոխադարձ այցերը կլինեն շարունակական: Գերմանիայի դաշնային նոտարական պալատի միջազգային հարցերով լիազոր ներկայացուցիչ Լովրո Թոմասիչը ՀՀ նոտարներին է փոխանցել նաև Գերմանիայի դաշնային նոտարական պալատի նախագահի ողջույնը և նշել, որ Գերմանիայում բարձր են գնահատում ՀՀ նոտարական պալատի միջազգային ակտիվ գործունեությունը: Գերմանացի փորձագետը մեծապես կարևորել է նաև Հայաստանի նոտարների մասնագիտական փորձի ուսումնասիրման հնարավորությունը, ինչը թույլ կտա համատեղ լուծումներ մշակել մի շարք ընդհանրական խնդիրների շուրջ: Մասնագիտական սեմինարի ընթացքում ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանում նոտարիատի ոլորտի վերջին բարեփոխումները և զարգացման հեռանկարները: Իր զեկույցում Լիլիթ Մուրադյանը, հատկապես, անդրադարձել է վերջին տարիներին նոտարներին վերապահված նոր գործառույթներին, նոտարների թվային գործիքակազմին և նոտարիատի թվայնացման ուղղությամբ նախանշված բարեփոխումներին: Երկօրյա սեմինարի ընթացքում նոտարական պրակտիկայում կոլիզիոն նորմերի կիրառության, ժառանգության իրավունքի և անշարժ գույքի գործարքներում նոտարի դերի, կառուցապատման պայմանագրերին ներկայացվող պահանջների, ինչպես նաև փողերի լվացման կանխարգելման գործում նոտարի առաքելության վերաբերյալ միջազգային և եվրոպական փորձն է ներկայացրել Գերմանիայի դաշնային նոտարական պալատի միջազգային հարցերով լիազոր ներկայացուցիչ Լովրո Թոմասիչը: Սեմինարն անցել է ակտիվ հարցուպատասխանի և մասնագիտական քննարկումների ձևաչափով:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ