Քննարկման թեման էր «Տեղեկատվական տեխնոլոգիաները նոտարական գործունեության մեջ. նոտարական գործողությունների իրականացումն առցանց (հեռավար, տեսազանգի միջոցով)»: Թեմայի շրջանակում քննարկվել են նաև ԱՊՀ անդամ պետություններում նոտարական արխիվների թվայնացման և այս համատեքստում պետական մարմինների ու այլ կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցերը: ԱՊՀ երկրների նոտարական պալատների անդամները վեբինարի ընթացքում ներկայացրել են իրենց երկրների փորձը թվային նոտարիատի զարգացման, փաստաթղթերի էլեկտրոնային վավերացման և նոտարական արխիվների կառավարման ոլորտում։ ՀՀ նոտարական պալատի Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանն իր՝ «Թվային նոտարիատը Հայաստանում և նոտարների կողմից իրականացվող թվային գործարքները» թեմայով զեկույցի շրջանակում ներկայացրել է ՀՀ նոտարական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացները, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող նոտարական ծառայությունների հասանելիության ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ ԱՊՀ գործընկերներին, հատկապես, հետաքրքրել է ՀՀ նոտարների կողմից 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման պրակտիկան, ինչի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում էապես կրճատվել է դատարանների ծանրաբեռնվածությունը: Գայանե Ազարյանը նշել է, որ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման համակարգը կայացած է, և հույս հայտնել, որ առաջիկայում նոտարական մի շարք այլ գործողությունների կատարման համար նույնպես հնարավոր կլինի օգտվել գործերի էլեկտրոնային բաշխման ինքնաշխատ եղանակից: Գայանե Ազարյանն իր զեկույցում անդրադարձել է նաև ՀՀ-ում նոտարիատի թվայնացման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի համատեղ մշակած բարեփոխումներին, որոնց ներդրման շնորհիվ քաղաքացին կկարողանա օգտվել նոտարական ծառայություններից անկախ իր գտնվելու վայրից՝ էլեկտրոնային տարբերակով։