ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է միջազգային վեհաժողովի ընթացքում կազմակերպված ընտրություններին և աշխատանքային քննարկումներին՝ նվիրված միջազգային նոտարիատի զարգացմանն ու համագործակցության խորացմանը։ ՀՀ նոտարական պալատի պատվիրակության կազմում էին նաև նոտարներ Սամվել Ղարիբյանը, Ռոզա Բեկչյանը, Աննա Բեկչյանը, Տաթևիկ Մինասյանը, Անի Մութաֆյանը և Ռուզաննա Տոնոյանը: Սեպտեմբերի 30-ին՝ հաշվետու ընդհանուր ժողովի ընթացքում, Լատինական նոտարիատի միջազգային միության հանձնաժողովները ներկայացրել են անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները, այդ թվում և՝ ֆինանսական հաշվետվությունը։ Իսկ հոկտեմբերի 1-ին ազգային պատվիրակների քվեարկությամբ ընտրվել է Լատինական նոտարիատի միջազգային միության հաջորդ նախագահը։ Նորընտիր նախագահը Մեքսիկայի նոտար Դավիդ Ֆիգերոա Մարկեսն է, որն իր պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից և կպաշտոնավարի մինչև 2028 թվականը: Լատինական նոտարիատի միջազգային միության նորընտիր նախագահ Դավիդ Ֆիգերոա Մարկեսը նախկինում զբաղեցրել է Մեքսիկայի նոտարական ասոցիացիայի նախագահի, ինչպես նաև Լատինական նոտարիատի միջազգային միության Ամերիկայի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Լատինական նոտարիատի միջազգային միության նորընտիր նախագահն իր նախընտրական ծրագրում խոստացել է կազմակերպությունը դարձնել առավել կենդանի, միասնական և ամուր: Նա նախատեսում է այցելել կազմակերպության անդամ պետություններ՝ հանդիպելու նոտարական համայնքների հետ՝ նրանց լսելու, աջակցելու և համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով: Դավիդ Ֆիգերոա Մարկեսի նպատակն է լինել մշտական երկխոսության մեջ և Լատինական նոտարիատի միջազգային միությունը դարձնել առավել գործնական և դինամիկ: Ընդհանուր ժողովի ընթացքում քվեարկության միջոցով ընտրվել են նաև Լատինական նոտարիատի միջազգային միության փոխնախագահներն ու մասնագիտական հանձնաժողովների նախագահները: