ՀՀ նոտարական համայնքի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: 30 տարի առաջ Սահմանադրության ընդունումը դարձավ անկախ պետականություն ունենալու մեր դարավոր երազանքի իրավական ամրագրումը: Այն սահմանեց մեր պետության հիմքերը՝ իրավական, ժողովրդավարական և սոցիալական արժեքների վրա և որպես գերակա սկզբունք՝ ամրագրեց մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: ՀՀ Սահմանադրությունը մեր ազգային ինքնության ու պետականահեն ինքնիշխանության խորհրդանիշն է, որը նաև հանդիսանում է օրենքի գերակայության երաշխիքը, հանրային իշխանության վերահսկողության և զսպումների ու հակակշիռների ապահովման գործիքը: Նշելով Սահմանադրության ընդունման 30-ամյակը՝ միաժամանակ պետք է վերահաստատենք մեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին. օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը՝ նպաստելով մեր պետական, քաղաքական, հանրային կյանքը կարգավորող ուղենիշային փաստաթղթի դերի և հեղինակության շարունակական ամրապնդմանը: ՀՀ նոտարական համայնքն իր մասնագիտական բարձր պատասխանատվությամբ շարունակելու է կարևոր դեր ունենալ պետության իրավական համակարգի կայացման գործում՝ մշտապես լինելով իրավական պետության կայացման առաջնագծում և հավատարիմ լինելով Մայր օրենքի տառին և ոգուն։ Մենք վստահ ենք, որ Սահմանադրության բացարձակ արժևորումն ու նվիրվածությունը սահմանադրական արժեքներին Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման երաշխիքն են: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Սահմանադրության ընդունման 30-ամյակը։ Խաղաղություն, ուժ և առաջընթաց մեր հայրենիքին։