ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը մասնակցել է Լատինական նոտարիատի միջազգային միության լիագումար նիստին

ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը մասնակցել է Լատինական նոտարիատի միջազգային միության լիագումար նիստին

10/06/2025

ՀՀ նոտարական պալատի պատվիրակության կազմում էին Պալատի վարչության անդամ Սամվել Ղարիբյանը, նոտարներ Ռոզա Բեկչյանն ու Ռուզաննա Տոնոյանը: Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով հանձնաժողովի լիագումար նիստի շրջանակում ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը հունիսի 5-ին մասնակցել է «Դատարանների բեռնաթափում. անձանց և ընտանիքների պաշտպանության նոր հորիզոններ. ի՞նչ դեր և ի՞նչ առաքելություն ունեն նոտարները» խորագրով միջազգային համաժողովին, որի ընթացքում եվրոպական պետությունների նոտարական համայնքների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձն այն ոլորտներում, որոնցում նոտարները ներգրավված են անձի և ընտանիքի լավագույն շահերի պաշտպանության գործում, այդ թվում՝ ամուսնական կարգավիճակի փոփոխության, ամուսնալուծության, երեխայի և ընտանիքի լավագույն շահերի գնահատման հարցերում: Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև Լատինական նոտարիատի միջազգային միության Մարդու իրավունքների հանձնաժողովի մշակած «Անչափահասների վերաբերյալ սպիտակ թուղթը»: Այն հանդիսանում է նոտարական միասնական ուղեցույց, որն իրավական որոշակիություն է տալիս Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ պետություններում երեխաների լավագույն շահերի պաշտպանության գործում: Հունիսի 6-ին տեղի է ունեցել Լատինական նոտարիատի միջազգային միության Եվրոպայի հարցերով հանձնաժողովի լիագումար նիստը, որն ուղեկցվել է օրակարգային քննարկումներով և մասնագիտական զեկույցներով: Նիստի ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում նոտարներին վերապահվող նոր գործառույթները, նոտարիատի թվայնացման ուղղությամբ տարվող բարեփոխումները, ինչպես նաև նոտարական գործողությունների սակագների սահմանմանն առնչվող հարցեր: Ներկայացվել է նաև գենդերային հավասարության վերաբերյալ Լատինական նոտարիատի միջազգային միության ուղեցույցը: Լիագումար նիստի ընթացքում ՀՀ նոտարիատի մասին զեկույցով է հանդես եկել ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, նոտար Սամվել Ղարիբյանը: Եվրոպացի գործընկերներին Սամվել Ղարիբյանը ներկայացրել է ՀՀ-ում նոտարիատի ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, նոտարներին վերապահվող նոր գործառույթները: Սամվել Ղարիբյանը նշել է, որ ՀՀ-ում նոտարները մեծ ներդրում ունեն դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու գործում: Սամվել Ղարիբյանը նշել է, որ այս նպատակով վերջին տարիներին նոտարներին են վերապահվել իրավաբանական նշանակության փաստերի հաստատման, ինչպես նաև 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման գործառույթները: Վերջինի շնորհիվ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով: Իր զեկույցում ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Սամվել Ղարիբյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում նոտարիատի թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նոտարների ներգրավմամբ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու Հայաստանի փորձը մեծապես հետաքրքրել է եվրոպացի նոտարներին, և նրանք հանդես են եկել ՀՀ նոտարական պալատի հետ փորձի փոխանակման առաջարկներով:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ