ՌԴ նախագահի հովանու ներքո կազմակերպվող համաժողովին մասնակցել է իրավաբանական համայնքի մոտ 5 հազար ներկայացուցիչ 81 երկրից, որոնք քննարկումների, դասախոսությունների, առանձնազրույցների միջոցով փորձել են գտնել մասնագիտական պրակտիկայում հանդիպող արդի խնդիրների լուծումներ, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Եռօրյա քննարկումների առանցքում են եղել նաև նոտարիատին առնչվող հարցեր: Քննարկվել է նոտարների դերն անշարժ գույքի հետ կապված գործարքների օրինականության ապահովման գործում։ Ոլորտի փորձագետները ներկայացրել են անշարժ գույքի հետ կապված նոտարական գործողությունների առավելություններն ու նոտարի կողմից տրամադրվող երաշխիքները: ՌԴ փաստաբանների դաշնային պալատի փոխնախագահ Վլադիսլավ Գրիբը, Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Քաղաքացիական և գործարարական իրավունքի ամբիոնի վարիչ Մարինա Իլյուշինան և այլ մասնագետներ պնդել են, որ անշարժ գույքի հետ կապված գործարքների համար պետք է սահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ, քանի որ նոտարը գույքային պատասխանատվություն է կրում այդ գործարքների համար։ Գործարքների նոտարական վավերացման առավելությունների շարքում մասնագետներն առանձնացրել են նաև այն, որ նոտարը հանդես է գալիս որպես անկախ վկա, և նրա մասնակցությունը նվազեցնում է խարդախության և գործարքը դատարանում վիճարկելու ռիսկերը։ Օրակարգային հարցերից է եղել նաև նոտարիատի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման հնարավորությունը: Մասնակից պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչները ներկայացրել են նաև իրենց փորձն ու սպասվող բարեփոխումները թվային նոտարիատի ոլորտում: