80 տարի առաջ Խորհրդային Միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ պայքարում: Մեծ և անուրանալի է հայ ժողովրդի դերն այս հաղթանակի կերտման գործում. մենք ֆաշիզմին հաղթած ժողովուրդների առաջին շարքերում ենք: Մեծ հաղթանակում հայ ժողովրդի կարևոր ներդրման մասին խոսում են առաջին հերթին թվերը. հարյուրից ավելի հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, զինվորական ամենաբարձր տիտղոսների: Պատմության մեջ նրանց անունները գրվել են ոսկե տառերով: Ավելի քան 300 հազար հայորդի զոհվել է հանուն Մեծ հաղթանակի: Խոնարհումս հաղթանակ կերտած բոլոր հերոսների հիշատակին: Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր վետերաններին, որոնք մեր ժողովրդի հաղթական ու պայքարող ոգու կենդանի վկայությունն են: Սիրելի՛ վետերաններ, մշտապես խոնարհվելու ենք ձեր առաջ և երախտապարտ լինելու ֆաշիզմին հաղթելու ու մեզ հաղթանակած ժողովուրդների շարքին դասելու համար: Եղե՛ք առողջ: Դուք մեր կողքին ապրող հերոսներ եք: Շնորհավորանքս ու շնորհակալությունս նաև Մեծ հաղթանակի կերտման գործում իրենց ներդրումն ունեցած մեր հայրենակիցների ժառանգներին, որոնց շարքում նաև ՀՀ նոտարական պալատի մի շարք ներկայացուցիչներ կան: Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 9-ը նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն. ես խաղաղություն եմ մաղթում այս գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ամեն պահի նոր աշխարհամարտեր են կանխատեսվում: Խաղաղություն ու բարգավաճում մեր երկրին, տարածաշրջանին ու աշխարհին: