ԱՊՀ պետությունների նոտարները վեբինարի ընթացքում քննարկել են իրենց երկրներում նոտարների կողմից ապացույցների ապահովման օրենսդրական առանձնահատկություններն ու պրակտիկան: ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը ներկայացրել է Հայաստանում նոտարի կողմից ապացույցների ապահովման օրենսդրական առանձնահատկությունները: Գայանե Ազարյանը նշել է, որ շահագրգիռ անձանց դիմումով ՀՀ նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար: Ապացույցների ապահովման թեմայի շրջանակում Գայանե Ազարյանն անդրադարձել է նաև ՀՀ նոտարների կողմից իրավաբանական նշանակության փաստերի հաստատման գործառույթին, որը Հայաստանի Հանրապետությունը պատվիրակել է նոտարներին՝ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով: Այս գործառույթի նկատմամբ վեբինարի մասնակիցների հետաքրքրությունը բավական բարձր է եղել, քանի որ ԱՊՀ անդամ պետությունների շրջանակում միայն Հայաստանի նոտարներն են հաստատում իրավաբանական նշանակության փաստեր: ԱՊՀ պետությունների նոտարներին հետաքրքրող ՀՀ օրենսդրական առանձնահատկություններից է նաև նոտարի կողմից անձանց բանավոր հայտարարությունների հաստատումը: Գայանե Ազարյանը նշել է, որ ՀՀ նոտարը հաստատում է անձի կողմից իր մոտ արված բանավոր հայտարարությունը, որին կցվում է նաև այդ անձի տված հայտարարությունը ճշմարտացի լինելու երդման հավաստիացումը: