Իր բացման խոսքում ՀՀ նոտարական պալատի նախագահը, ամփոփելով հաշվետու տարին, այն գնահատել է պատասխանատու, բարդ ու ծանրաբեռնված և շնորհակալություն է հայտնել ՀՀ նոտարական պալատի անդամներին՝ համատեղ ջանքերով մեծ հաջողություններ գրանցելու համար: Ի թիվս այդ հաջողությունների՝ Լիլիթ Մուրադյանն առանձնացրել է միջազգային չափանիշներին համապատասխան նոտարական միասնական արխիվի ստեղծումը, որի բացման արարողությունն առաջիկայում տեղի կունենա, ինչպես նաև նոտարների աշխատակազմերը որակյալ կադրերով համալրելուն ուղղված դասընթացների շարունակական իրականացումը: Լիլիթ Մուրադյանն արձանագրել է, որ բարդ աշխատանքի և մեծ ջանքերի շնորհիվ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով նոտարների կողմից 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման համակարգը կայացել է: ՀՀ նոտարական պալատի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում նոտարական մի շարք այլ գործողությունների կատարման համար նույնպես հնարավոր կլինի օգտվել էլեկտրոնային բաշխման ինքնաշխատ եղանակից, ինչպես որ դա ներկայում հաջողությամբ իրականացվում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման համակարգի դեպքում: Լիլիթ Մուրադյանն անդրադարձել է նաև նոտարիատի թվայնացման հարցին, նշել, որ այդ ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ հսկայական աշխատանք է իրականացվել: 2024-ին արձանագրված հաջողության պատմությունների շարքում Լիլիթ Մուրադյանն առանձնացրել է նաև ՀՀ նոտարական պալատի 20-ամյակին նվիրված միջազգային միջոցառումների կազմակերպումը, որոնք ըստ Պալատի նախագահի՝ ուղղված էին հայկական նոտարիատի միջազգային հեղինակության բարձրացմանը, միջազգային մասշտաբով մասնագիտական քննարկումների կազմակերպման համար արդյունավետ հարթակ ստեղծելուն, ինչպես նաև միջազգային գործընկերների համար Հայաստանի Հանրապետությունը լավագույն ձևով ներկայացնելուն: Նոտարական համայնքի աշխատանքը գնահատել են նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ու խորհրդական Ներսես Զեյնալյանը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել այն բոլոր նոտարներին, որոնք նպաստել են նոտարիատի ինստիտուտի կայացմանը և հեղինակության բարձրացմանը։ «Վստահելով ձեզ՝ պետությունը էլ ավելի է ընդլայնել ձեր գործառույթները։ Ասվածի լավագույն օրինակն է գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման գործառույթի պատվիրակումը նոտարներին, ինչի շնորհիվ մենք շատ մեծ ձեռքբերում ունենք այն առումով, որ քաղաքացիական գործեր քննող դատարաններում գործերի քանակը նվազել է 80 տոկոսով»,- նշել է Տիգրան Դադունցը՝ հույս հայտնելով, որ այդ ցուցանիշից հետնահանջ չի արձանագրվի։ «Նախարարության գործունեության կարևոր ուղղություններից է աջակցել նոտարիատի ինստիտուտի շարունակական զարգացմանը։ Դրա վառ օրինակն են նոտարիատին առնչվող օրենսդրական այն փոփոխությունները, որոնք նախաձեռնել է նախարարությունը»,-նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։ ՀՀ նոտարական պալատի հաշվետու ընդհանուր ժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ նոտարների երդման հանդիսավոր արարողությունը: «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտարներ Սոնա Դանիելյանը և Սյուզաննա Գրիգորյանը, «Երևան» նոտարական տարածի նոտար Տաթևիկ Խաչատրյանը երդվել են բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը, լինել արդար ու անկողմնակալ։ ՀՀ նոտարական պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացրել ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը: Կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել նաև Պալատի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։ Նոտարները քննարկել են նաև առաջիկա ծրագրերը, ընդունել Պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք որոշումներ։ ՀՀ նոտարական պալատի մշտական՝ Վերստուգիչ, Ուսումնամեթոդական և միասնական պրակտիկայի ապահովման և Էթիկայի հանձնաժողովների գործունեության եռամյա ժամկետի ավարտով պայմանավորված՝ հաշվետու ընդհանուր ժողովի ընթացքում նոտարները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրել են հանձնաժողովների նոր կազմեր: ՀՀ նոտարական պալատի նախագահը շնորհակալագրերով պարգևատրել է հանձնաժողովների այն անդամներին, որոնք չեն ընդգրկվել նոր կազմերում, և հաջողություն է մաղթել հանձնաժողովների նորընտիր անդամներին: