ԱՊՀ երկրների նոտարական պալատների ներկայացուցիչները ներկայացրել են նոտարիատի թվայնացման իրենց փորձն ու ծրագրերը։
Հայկական կողմից տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, Պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը, ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանը, ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երկրորդ բաժնի պետ Նարինե Խալաթյանը, նախարարության թվայնացման խմբի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանն ու այդ խմբի ներկայացուցիչ Տաթևիկ Մարտիրոսյանը։ Իր ողջույնի խոսքում ՀՀ նոտարական պալատի նախագահը կարևորել է փորձի փոխանակումը, հատկապես, թվայնացման ոլորտում՝ նշելով, որ տեխնոլոգիաների արագ զարգացման դարաշրջանում թվայնացման բարեփոխումներն անվերջանալի են, իսկ մարտահրավերները՝ համընդհանուր, որոնք հեշտ է հաղթահարել համատեղ ջանքերով։ Լիլիթ Մուրադյանը նշել է, որ Հայաստանի նոտարիատի ոլորտում թվայնացման բարեփոխումները նոր փուլ են մտնում, և այդ փուլում ՀՀ նոտարական պալատը սերտ համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության թվայնացման խմբի հետ։ Հայաստանի նոտարիատի թվայնացման առաջնահերթությունները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության թվայնացման խմբի անդամ Տաթևիկ Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ բարեփոխումները մշակելիս ուսումնասիրել են միջազգային փորձը, այդ թվում՝ Ուզբեկստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆրանսիայի։ Բարեփոխումների վերջնարդյունքում քաղաքացին պետք է կարողանա օգտվել նոտարական ծառայություններից անկախ իր գտնվելու վայրից՝ էլեկտրոնային տարբերակով։ Պետք է թվայնացվեն նոտարական գործողության կատարման բոլոր փուլերը՝ քաղաքացու գրանցումից մինչև վկայականի տրամադրում։ Քաղաքացին կկարողանա էլեկտրոնային տարբերակով ընտրել նոտարական գործողությունը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, ընտրել նոտարին ու նրա հետ կապ հաստատել տեսակոնֆերանսի միջոցով։ Իսկ նոտարին պետք է տրվի քաղաքացուն նույնականացնելու լայն գործիքակազմ. մինչև նոտարի հետ կապ հաստատելը քաղաքացին պետք է անցնի թվային նույնականացման կամ անձի ինքնության հաստատման մի շարք փուլերով։ Տաթևիկ Մարտիրոսյանը նշել է, որ թվայնացման պլանի նպատակն է նաև հնարավորին չափ պարզեցնել նոտարական գործողությունները՝ միաժամանակ պահպանելով նաև դրանց կատարման որակը։ Թվայնացման ճանապարհին այս բոլոր բարեփոխումները կյանքի կոչելու համար պետք է իրականացվեն նաև բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ։ ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը հատուկ ընդգծել է, որ նոտարական գործողությունների կատարման էլեկտրոնային եղանակը ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու է թղթային տարբերակին։ Այսինքն՝ քաղաքացուն անհարմարություններ չպատճառելու համար որոշել են նրա կամընտրությանը թողնել՝ նոտարական գործողություններից օգտվել էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ շարունակել այցելել նոտարական գրասենյակներ։