ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ Է 2023-ԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ Է 2023-ԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

24/02/2024

Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն իր ողջույնի խոսքում նախորդ տարին գնահատել է ծանրաբեռնված, բայց միևնույն ժամանակ փաստել, որ նոտարական համայնքին հաջողվել է կյանքի կոչել սահմանած նպատակները՝ նոտարական միասնական արխիվի ստեղծման աշխատանքներ, նոտարների աշխատակազմերի պատրաստման դասընթացներ և այլ: «Նոտարական համայնքը շարունակում է վայելել պետության մեծ վստահությունը, ինչի մասին են փաստում մեզ պատվիրակվող նոր գործառույթները: Կասկածելի գործարքները կանխելու նպատակով բազմաթիվ քննարկումների և խնդիրների վերհանման արդյունքում անշարժ գույքի նվիրատվության գործարքների վավերացումը վերադարձավ բացառապես նոտարիատի տիրույթ։ Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար նոտարական համայնքն իր ուսերին վերցրեց մի ծանր պատասխանատվություն, որի սահուն ու անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար թե՛ նախորդ տարի, թե՛ հիմա հսկայական աշխատանք է տարվում մեր կողմից. խոսքը նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին է»,֊նշել է Լիլիթ Մուրադյանը։Նոտարական համայնքի աշխատանքը գնահատել են նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Նախարարության վերահսկողական վարչության երկրորդ բաժնի պետ Նարինե Խալաթյանը փաստել է վերջին մի քանի տարվա ընթացքում նոտարական համակարգում խնդիրների նվազման մասին։ Նարինե Խալաթյանը նշել է, որ 2023 թ-ին նոտարների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ գրեթե բողոք չի ստացել նախարարությունը։ Խալաթյանը նաև հայտնել է, որ առաջիկայում «Էլեկտրոնային նոտար»համակարգն ավելի ընդգրկուն տարբերակով կգործարկվի։Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են նաև նոտարների աշխատանքի կազմակերպման հետ կապված մի շարք խնդիրների, որոնք հաղթահարելու դեպքում՝ էլ ավելի կբարձրանա նոտարական ծառայությունների որակը։Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանը վստահություն է հայտնել, որ նոտարները կկարողանան էապես նպաստել փողերի լվացման փորձերի ու շինծու գործարքների բացահայտմանը։ Նոտարական պալատի ընդհանուր ժողովում Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը պարգևատրել է բոլոր այն նոտարներին, որոնք արժանացել են քաղաքացիների գոհունակությանն ու այդպիսով բարձր պահել նոտարական համայնքի պատիվը։ Շնորհակալագրեր ու պատվոգրեր են ստացել նաև նոտարական պալատի աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերած, ինչպես նաեւ երկար տարիներ նոտարական համայնքի կայացման գործում ներդրում ունեցած նոտարները։ Լիլիթ Մուրադյանը հատուկ շնորհակալություն է հայտնել կենսաթոշակի անցած նոտար Վիեննա Հայրապետյանին՝ նշելով, որ նրա ավանդը մեծ է նոտարական համայնքի կայացման գործում: Նորանշանակ նոտարներ Նարինե Խաչատրյանը, Արևիկ Հակոբյանը, Գայանե Սարոյանը և Արփինա Սիմոնյանը հանդիսավոր երդվել են բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը, արդար ու անկողմնակալ լինել։ ՀՀ Նոտարական պալատի ընդհանուր ժողովում 2023 թվականին կատարված աշխատանքի հաշվետվություններ են ներկայացրել նաև Պալատի մշտական հանձնաժողովների նախագահները։ Նոտարական համայնքի քվեարկությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նոտարական էթիկայի կանոններում, իսկ փակ, գաղտնի քվեարկությամբ նոտարներն ընտրել են Պալատի մշտական հանձնաժողովների նոր անդամների. Վահե Հովհաննիսյանն ընտրվել է Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ, իսկ Իռեն Սարգսյանն ու Դիաննա Բեգլարյանը Էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամներն են։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ