Տեղեկատու » Նորություններ » «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՎՐԱ ԱՇԽԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
06/09/2022
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, ՀՀ նոտարական պալատի վարչության նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը, վարչության անդամ՝ Մարինե Սարգսյանը, Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը, նոտարներ Անի Մութաֆյանը և Սիլվա Ասատրյանը հանդիպել են Ասիական զարգացման բանկի ազգային փորձագետներ Տիգրան Մարկոսյանին, Տիգրան Սահակյանին, Վարազդատ Ասատրյանին:
Նոտարական պալատի նախագահը ողջունել է փորձագետներին Նոտարական պալատում և հայտնել, որ յուրաքանչյուր իրավական բարեփոխում միտված է մեր երկրի կայացմանն ու քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակի բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Սնանկության մասին» նոր օրենքի նախագծի նոտարական գործարքներին վերաբերող հարցերը: Նոտարները ներկայացրել են
իրավական և գործառութային այն խնդիրները, որոնք բարդություններ են առաջացնում սնանկության գործընթացում:
Մասնավորապես, դատարանների կողմից կայացրած վճիռների կատարման ընթացքում գույքի բաժանման հետ կապված հարցերը: Նոտարները մտահոգություն են հայտնել առաջարկելով, որ առողջացման ծրագրի ընթացքում որոշ գործառույթներ փոխանցվի սնանկության կառավարիչներին, որի միջոցով ավելի կհեշտանա ինչպես նոտարների աշխատանքը, այնպես էլ կբեռնաթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը:
Փորձագետները քննարկել են բոլոր հիմնահարցերը և հույս հայտնել, որ դրանք կարտացոլվեն օրենքի նոր նախագծում, որը կընդունվի Ազգային ժողովի կողմից:
Հիշյալ բարեփոխումն իրականացնելու համար Արդարադատության նախարարությունը հայցել է Ասիական զարգացման բանկի աջակցությունը, որը տարածաշրջանում իրականացնում է «Մասնավոր հատվածի և Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի օրենսդրության և քաղաքականության զարգացան մասին» տեխնիկական աջակցությամբ օժանդակման ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)։ Այս նպատակի համար Ասիական զարգացման բանկը ներգրավել է սնանկության իրավունքի ոլորտի ազգային և միջազգային փորձագետների` նոր օրենսգրքի և այլ կարգավորումների նախագծեր կազմելու համար։
Նոր օրենսգրքի նախագիծը մշակելիս և դրա առնչությամբ խորհրդատվություն իրականացնելիս` Ասիական զարգացման բանկն առաջնորդվելու է սնանկության իրավունքի ոլորտի տարածաշրջանային և միջազգային փորձով և նորագույն միտումներով ու զարգացումներով։ Որպես սկզբնական քայլ կարևոր է, որ Ասիական զարգացման բանկը և իր խորհրդատուները պատկերացում կազմեն շահագրգիռ կողմերի խնդիրների և մտահոգությունների մասին առ այն, թե ինչպես է Հայաստանում գործնականում կիրառվում օրենքը և որոնք են ոլորտի խնդիրները։