ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

14/12/2021

ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Նոտարիատը՝ ժամանակի ոգով» խորագիրը կրող միջազգային համաժողովին։

Հայկական պատվիրակության կազմում են եղել` Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, Պալատի վարչության նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը, Նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Նունե Սարգսյանը, նոտարներ Դիանա Բեգլարյանը և Տաթևիկ Մինասյանը։

Համաժողովի բացման ընթացքում համատեղ քննարկումների կարևորության մասին խոսել են՝ Ռուսաստանի Դաշնության  Դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկը, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ֆեոկտիստովը, Սանկտ Պետերբուրգի գույքային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիա Մելնիկովան, Սանկտ Պետերբուրգի նոտարական պալատի պատվավոր նախագահ Մարիա Սազոնովան, Սանկտ Պետերբուրգի նոտարական պալատի նախագահ Մարիա Տերեխովան։

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջանների, Ղազախստանի, Լիտվայի, Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի նոտարական պալատների ներկայացուցիչները։ Քննարկումների ձևաչափը եղել է նաև առցանց։

ՀՀ պատվիրակության անդամ Անահիտ Ղազարյանը ներկայացրեց զեկույց՝ «Իրավաբանական փաստերը նոտարական պրակտիկայում» թեմայով, որը համաժողովի մասնակից երկրների համար նորարարություն էր, և մեծ հետաքրքրություն է առաջացրել նրանց շրջանում։

Հայկական պատվիրակության անդամներին էլ հետաքրքրել է մյուս մի քանի պետությունների պրակտիկայում արդեն իսկ գործող՝ նոտարի կողմից փաստաթղթերի ապոստիլավորման հնարավորությունը, որը ապահովում է մեկ պատուհանի սկզբունքը և էլ ավելի բարձրացնում սպասարկման որակը:

Համաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային աշխատանքային համատեղ  հարթակ ստեղծելու հնարավորությունը, որը իրենից ներկայացնելու է փաստաթղթերի փոխանակման, ստուգման ձևաչափ։ Խոսքը վերաբերում է մասնավորապես լիազորագրերի, համաձայնությունների, հայտարարությունների բովանդակության ստուգմանը, քանի որ նոտարական գործունեության ընթացքում հնարավորություն կա ստուգելու փաստաթղթի առկայությունը, սակայն դրանց բովանդակային մասի ստուգման հետ կապված խնդիրներ են առաջանում:

«Այդ հարցը կարգավորելու առումով այս հարթակը շատ կարևոր մեկնարկ կլինի։ Համագործակցության այս հարթակի հեռահար նպատակն է՝ ժառանգական գործերի, կտակների հասանելիությունը տեղեկատվական բազաներին ապահովելու գործընթացը»,-քննարկման ընթացքում հայտնել է ՀՀ նոտարական Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։

Միջազգային համաժողովում ընդգծվել են տարբեր միջազգային կոնվենցիաներով, և մասնավորապես Մինսկի կոնվենցիայով սահմանված փոխօգնության շրջանակներում ընթացակարգերի պարզեցման հիմնահարցերին լուծում տալու հնարավորությունները:  Գործուն քայլեր են նախանշվել Կոնվենցիայով սահմանված հարցումների ու դրանց պատասխանները ստանալու ժամկետների նվազեցման հարցերում:

Համաժողովի ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են թեմաներ, որոնք վերաբերել են համավարակի պայմաններում նոտարական գործունեության դժվարություններին և դրանց լուծումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նոտարների մասնագիտական գործունեության ընթացքում նրանց վարքագծի կանոններին վերաբերող  հիմնահարցերին։

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են նոտարիատի զարգացման համար այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են հետխորհրդային տարածքում նոտարիատի գործունեությունը և համավարակի պայմաններում նոտարական ծառայությունների պահանջարկը, ինչպես նաև ժառանգական հարցերի պարզաբանումը միջազգային սահմանափակումների պարագայում։ Նոտարները հատկապես կարևորել են էլեկտրոնային կամ հեռավար նոտարական ծառայությունների մատուցման ընթացքում քաղաքացիաիրավական հարաբերությունների ապահովության պահպանումը։

Փարիզի նոտար Վալերիու Էշանուն ներկայացրեց զեկույց, որը վերաբերում էր նոտարական էլեկտրոնային ակտերի ձևերին և իրավաբանական երաշխիքների ապահովմանը նոտարական գործունեության ընթացքում։

Ավստրիայի նոտարական պալատի անդամ, Վայդհովեն-վան-դեր-Տայա քաղաքի նոտար Միխայել Մյուլներն իր զեկույցում խոսեց էլեկտրոնային ռեեստրների հետ փոխադարձ կապի զարգացման մասին, որն ավելի մեծ հնարավորություն է տալիս նոտարական գործողությունների ժամանակ՝ ավելի արագ և որակյալ ուսումնասիրել նոտարական գործողության առարկայի ծագումը, առաջացումը, փոփոխումը և նպաստել  գործողության որակի բարձրացմանը:

Ավարտին՝ մասնակիցները հույս են հայտնել, հնարավոր տարբեր ձևաչափերում քննարկել ամենօրյա աշխատանքում առկա խնդիրները և դրանց տալ օպերատիվ ու  հիմնավոր  լուծումներ։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ