ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Ավարտվեցին ԵՏՄ անդամ-երկրների Նոտարական պալատների անդամների համատեղ ստաժավորումները

Ավարտվեցին ԵՏՄ անդամ-երկրների Նոտարական պալատների անդամների համատեղ ստաժավորումները

14/10/2015

          Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների միջև 2014 թվականի հոկտեմբերի 23-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային նոտարական պալատի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական նոտարական պալատի, Բելառուսական նոտարական պալատի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի միջև փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Վերջինիս շրջանակներում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ նոտարական պալատների նախագահների կողմից որոշում կայացվեց իրականացնել ԵՏՄ անդամ-երկրների նոտարների համատեղ ստաժավորման և փորձի փոխանակման ծրագիր:

ՀՀ Նոտարական պալատից Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղվեցին թվով վեց նոտարներ: Իսկ սույն թվականի սեպտեմբեր ամսին Հայաստան այցելեցին նշված նոտարական պալատների ներկայացուցիչները:

Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր համակարգում առկա նորությունները, որոնց թվում առանձնահատուկ շեշտադրում կատարվեց ՀՀ նոտարական համակարգում առկա ձեռքբերումներին, այն է՝ AENIS համակարգի ներդրմանը, նոտարների միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կատարմանը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցումների իրականացմանը և այլն: Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում հանդիպումը կազմակերպվեց կլոր-սեղան քննարկման ձևաչափով, որի ընթացքում ՀՀ նոտարական համակարգում ներդրված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ ներկայացումից հետո հարց-պատասխանի միջոցով հյուրերը ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Բելառուսում ներկայացվեց արդեն իսկ կիրառվող մեդիացիայի (հաշտեցման) իսնտիտուտը, կատարողական մակագրության վերաբերյալ հիմնական դրույթները, նոտարական գործերի արխիվացման վերաբերյալ իրավական կարգավորումները:

Ղազախստանի Նոտարական պալատի ներկայացուցիչը իր ելույթում նշեց, որ իրենց երկրում առկա միասնական նոտարական տեղեկատվական համակարգը ինտեգրված է ֆիզիկական և իրավաբանական անձանց, անշարժ գույքի ռեգիստրի և ՔԿԱԳ պետական տվյալների բազաների հետ: «Ֆիզիկական անձիք» տվյալների բազան պարունակում է մանրամասն տվյալներ Ղազախստանի բոլոր քաղաքացիների և ժամանակավոր բնակվողների մասին: Այն թույլ է տալիս ստուգել փաստաթղթերի օրինականությունը և կանխել անօրինական գործողությունները: Տվյալ համակարգը դարձնում է անհնար նոտարական այն գործողությունները, որոնք հիմնված են կեղծ կամ գողացված, մահացածների կամ գործարքների իրավունք չունեցող մարդկանց փաստաթղթերի հիման վրա, քանզի նոտարը, օգտվելով այս համակարգից, հստակ տեսնում է իրեն դիմող անձի ամբողջական տվյալները: Անհատական նույնականացման համարով կարելի է իմանալ ողջ է մարդը, թե ոչ, ստուգել նրա ընտանեկան վիճակը, ստանալ տեղեկատվություն նրա երեխաների մասին:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկը ներկայացրեց էլեկտրոնային նոտար համակարգը, նշելով, որ Ռուսաստանում էլեկտրոնային նոտար համակարգը համակցված է Դաշնային միգրացիոն ծառայության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի և ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային համակարգերի հետ:
Նոտարական գրասենյակներում աշխատանքներին և գործելաոճի առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով յուրաքանչյուր հյուրընկալող երկրում կազմակերվել են նաև այցելություններ նոտարական գրասենյակներ:

Բացի մասնագիտական քննարկումներից՝ յուրաքանչյուր երկիրում կազմակերպվել էր նաև մշակույթային-ճանաչողական միջոցառումներ, որոնց շրջանակներում երեք երկրների պատվիրակությունները հնարավորություն ունեցան ծանոթանալու տվյալ երկրի պատմությանը՝ ներկա գտնվելով մի շարք հուշահամալիրներում:

Նշենք նաև, որ, Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի նոտարական պալատների անդամների համատեղ ստաժավորման ծրագրի արդյունքներն ընդհանրացվելու են կողմերի առաջիկա հանդիպումների ընթացքում: Բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների միջև համագործակցությունը պետք է անպայմանորեն կրի շարունակական բնույթ:

Այսպիսով, համաձայնագիրը կարելի է համարել մեկնարկային, որն ունի անկյունաքարային նշանակություն նոտարիատի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների օրենսդրության մերձեցման գործում: Այն ճանապարհ է հարթում Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական համակարգերի լիիրավ միության ստեղծման համար՝ նպատակ ունենալով Եվրասիական տնտեսական միության պետությունների քաղաքականության իրագործումը:

 

Նկարներ...

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ