ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի պարզաբանումը՝ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 02.11.2014թ. թողարկման կապակցությամբ

ՀՀ նոտարական պալատի պարզաբանումը՝ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 02.11.2014թ. թողարկման կապակցությամբ

07/11/2014

 

 

«Սուր անկյուն» հաղորդաշարի հարգելի ստեղծագործական խումբ, գնահատելով ձեր թիմի լուրջ աշխատանքը՝ ամենատարբեր ոլորտների ամենասուր խնդիրները օպերատիվ վեր հանելու, հանրությանն իրազեկելու և, ինչու չէ, նաև արատավոր երևույթները կանխարգելելու առումով, այնուամենայնիվ մեզ մտահոգեց նոտարական ոլորտի վերաբերյալ ձեր ռեպորտաժի մեջ տեղ գտած երբեմն միակողմանի ներկայացված, երբեմն իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները:
Մասնավորապես՝ 27:33 Հաղորդավարը նշում է, որ (…) ընտանիքի գլուխը գիտակցում է, որ անշարժ գույքը, բնակարանը իր սեփականությունն է, սակայն այն կարող է լինել ընդհանուր կամ բաժնեմասային: Այդ պարագայում ի՞նչ պետք է անի ընտանիքի գլուխը: Նա պետք է մինչև մահանալը մնացածին պարտադրի զիջել, նվիրաբերել գույքն իրեն ու կտակը կհասնի իր նպատակին (ընդգծումը կատարվել է մեր կողմից): 27:50 Հաղորդավարը նշում է նաև, որ (…) ցանկացած կտակարար մինչև այդ փաստաթուղթը կազմելը պարտավոր է ճշտել այլ անձանց իրավունքներն իր գույքի նկատմամբ և նրանց զրկել այդ իրավունքներից և դառնալ միակ սեփականատեր:

Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով»: Նույն օրենքի 2-րդ մասի համաձայն՝ «Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն)»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն»:
Հաղորդավարի ուշադրությունը առանձնահատուկ պետք է հրավիրել իր իսկ կողմից ներկայացրած այն մեկնաբանությանը, համաձայն որի՝ տան գլուխը մինչև մահանալը պետք է մնացած ընդհանուր կամ բաժնեմասային սեփականության իրավունքով անձանց պարտադրի զիջել, նվիրաբերել իրենց պատկանող գույքն իրեն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281). 2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282). 3) սեփականության հասարակության և պետության կարիքների համար օտարվելու (հոդված 218). 4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284). 5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285). 6) կատարվում է բռնագրավում (հոդված 288). 7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ). 8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում:» Համաձայն ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: (…)»:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ նոտարական պալատը հորդորում է զերծ մնալ օրենքի սխալ մեկնաբանություններից և խեղաթյուրված տեղեկատվություն տարածելուց, քանի որ, ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք իրավանորմերի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվում է անձի սեփականսության իրավունքը, և անձին հնարավոր չէ պարտադրել կատարել ոչ իրավաչափ գործողություններ, որոնք միտված կլինեն զրկելու վերջինիս սեփականության իր իրավունքից:

Անցնենք առաջ, այնուհետև՝
29:45 քաղաքացի Դավիթ Մարգարյանը նշում է, որ Ալվարդ Հովհաննիսյանը իրենից 500 դոլար կաշառք է պահանջել կտակը տալու համար: Պատասխանում ենք, որ քաղաքացի Դավիթ Մարգարյանը զրպարտություն պարունակող տեղեկություններ է «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում հնչեցնում, իր գործողություններով արատավորում է թե նոտար Ալվարդ Հովհաննիսյանի, և թե ՀՀ նոտարական համակարգի պատիվն ու արժանապատվությունը: Վերջինիս կողմից հնչեցրած այն ապացույցը, որ նոտարը իրենից 500 դոլար կաշառք է պահանջել` առարկայազուրկ է, քանի որ ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ համապատասխան իրավապահ մարմիններում բացակայում է նման տեղեկատվությունը հավաստող որևէ ապացույց:

29:52 լրագրողը նշում է,որ իրավապահների միջամտությունից հետո է նոր միայն նոտարը տալիս մորաքրոջ կտակը Դավիթ Մարգարյանին:
Պատասխան. Լրագրողը նշում է, որ իրավապահների միջամտության արդյունքում է նոր միայն նոտարը քաղաքացուն տվել կտակը, սակայն չի նշում, թե ինչ մեթոդներով և ինչ գործողությունների արդյունքում է նոտարը համաձայնվել տալ այդ կտակը: Լրագրողին հորդորում ենք իր կողմից հնչեցրած հարցադրումներում լինել առավել հավասարակշռված, ծանրակշիռ և առանց փաստական հանգամանքների վկայակոչման` ապատեղեկատվություն չտարածել հանրության շրջանակում` դրանով իսկ վարկաբեկելով ինչպես նոտարի, այնպես ել նոտարական համակարգի բարի համբավը:

30:00 լրագրողը պատմում է, որ Դավիթ Մարգարյանի բարեկամները մի քանի տարի առաջ արդեն Վեդիի նոտարի մոտ մորաքրոջ գույքն արդեն իսկ ձևակերպել են իրենց անունով` որպես նվիրատվություն: Դավիթ Մարգարյանի խոսքով՝ իր մորքուրները իր բարեկամների հետ գնում են Մկրտչյան Հրաչի՝ նոտարի մոտ, չեղյալ են համարում և նվիրատվություն են կատարում մյուս մորաքրոջ անունով:

Պատասխան. Քաղաքացի Դավիթ Մարգարյանը նշում է, որ իր մորաքույրները գնացել են նոտարի մոտ և այնտեղ ձևակերպել նվիրատվության պայմանագիր: Սակայն «Սուր անկյան» անձնակազմից ոչ ոք չի փորձել անգամ պարզել՝ արդյոք քաղաքացի Դավիթ Մարգարյանի կողմից նշված «մորաքույրների» հետ եղել է Դավիթ Մարգարյանի մորաքույր Վարսե Վարդանյանը: Քանի որ, եթե նրանց մեջ եղել է մորաքույր Վարսե Վարդանյանը, ապա համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»: Այսինքն, անկախ այն հանգամանքից՝ Վարսե Վարդանյանը իր գույքը կտակել է Դավիթ Մարգարյանին, թե՝ ոչ, այնուամենայնիվ, նա զրկված չի եղել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը այլ անձանց նվիրելու իր իրավունքից»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը»: Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին»: Օրենսգրքի սույն դրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ կտակի վավերականությունը և կտակով սահմանված իրավունքներն ու պարտականությունները ծագում են կտակարարի մահից հետո ժառանգության բացման պահին: Հարկ է նշել որ, Վարսե Վարդանյանը 23.12.1993 թվականին կտակ է կազմել, որը նույն օրն էլ վավերացվել է նոտար Աիդա Հովհաննիսյանի կողմից, սակայն 09.06.1994 թվականին նվիրել է Վարսե Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը երրորդ անձանց, որը վավերացրել է նոտար Հրաչյա Մկրտչյանը: Վիճելի գույքը առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարվել է մեկ այլ քաղաքացու (ների) 24.02.2006 թվականին: Ամփոփելով վերոգրայլը՝ տեսնում ենք, որ մինչև մահը կտակարարը՝ նույն ինքը մորաքույր Վարսե Վարդանյանը, մինչև մահը զրկված չի եղել մյուս բարեկամներին իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրելու իր իրավունքից, ուստի քաղաքացի Դավիթ Մարգարյանի կողմից տարածված տեղեկատվությունն անհիմն է:

35:08 Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ նոտարները բաժանվում են երկու խմբի` պրոֆեսիոնալ նոտար և խարդախ նոտար: Կարծում ենք սուբյեկտիվ կարծիք հրապարակայնացնելուց մի քիչ զգուշավորությունը չէր խանգարի հարգելի լրագրողներ: Առավել ևս, եթե չեք փորձում նման անպատասխանատու հայտարարության վերաբերյալ ստանալ պատասխանատու գերատեսչության փաստարկված պատասխանն ու այն ներկայացնել հանրությանը: Համաձայնեք, որ միակողմանի կարծիքները հնարավորություն չեն տալիս հեռուստադիտողին օբյեկտիվ վերաբերմունք ունենալ խնդիրների նկատմամբ:

36:00 Սոնա Մալաքյանի խոսքով՝ ինքը ներկա է գտնվել Կտակի կազմման գործընթացին և տեսել է, որ կտակով պապիկը ինչ որ բան է կտակում իր աղջկան, բայց թե ի՞նչ է կտակել, ոչ մի տեղ չի երևում:
Պատասխան. Քաղաքացի Սոնա Մալաքյանը, բավարար չափով չտիրապետելով ՀՀ օրենսդրությանը, կատարել է անհիմն հայտարարություն այն մասին, որ կտակարարի կողմից կազմված կտակում, եթե նշված չէ գույքի վերաբերյալ տվյալները, ապա այն կարելի է դիտել որպես սովորական փաստաթուղթ, սակայն, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությամբ չկա սահմանում այն մասին, որ կտակում պարտադիր կերպով պետք է նշվի գույքի վերաբերյալ տվյալները, ավելին Կտակարարը իր կողմից կազմված կտակում պարտավոր չէ կատարել նշում գույքի տվյալների վերաբերյալ, քանի որ վերջինս կարող է կտակել նույնիսկ այն գույքը, որի նկատմամբ սեփականության իրավունքը ծագել է կտակը կազմելուց հետո` իր կտակում նշում կատարելով, որ կտակում է իրեն մահվան օրվա դրությամբ պատկանող գույքը` որտեղ որ այն լինի և ինչից որ այն բաղկացած լինի:

36:34 Սոնա Մալաքյանը նշում է, որ չկան սեղանամատյաններ, և փոքր անց նշում, որ այդ սեղանամատյանները դատարան բերելը շատ դժվար է (…): Պատասխան Կոչ ենք անում «Սուր անկյան» հաղորդման աշխատանքային խմբին առավել մանրակրկիտ ուսումնասիրել այն տեղեկատվությունը, ինչի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:Վստահեցնում ենք, որ մենք բաց ենք ցանկացած խնդրահարույց երևույթ, որ վերաբերում է մեր մասնագիտական գործունեությանը, քննարկել, հրապարակային խոսել դրա մասին:

36:47 Սոնա Մալաքյանի պնդմամբ, եթե նա աշխատեր որպես նոտար, երևի թե նա նույնպես չէր կարող գայթակղությանը դիմանալ, քանի որ նոտարները աշխատում են միլիարդներ:
Պատասխան. Հարկ ենք համարում նշել, որ նոտարների ստացված «միլիարդների» /այսինքն գործարքներից գանձվող ծառայության վճարների/ առաջացման սանդղակը սահմանել է ՀՀ կառավարությունը նոտարական գործողությունների համար գանձվող ծառայությունների վճարների վերաբերյալ որոշումը հաստատելով:

36:51 Լրագրողի խոսքով՝ զարմանալի է, որ 21-րդ դարում hայաստանյան նոտարական համակարգում արխիվացումն ու փաստաթղթային ձևակերպումներն իրականացվում են թղթով, ու չկա միասնական սերվեր, ուր կկուտակվեին փաստաթղթերը, կտակները (…):

Պատասխանելով լրագրողին տեղեկացնենք ու հորդորենք, որ առավել մանրակրկիտ ուսումնասիրի իրավական դաշտն ու նոտարական համակարգում կատարվող բարեփոխումների պրոցեսը:
Մասնավորապես, 2012 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում նոտարի էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգին: Հայաստանի Հանրապետությունում մեկնարկված դատաիրավական բարեփոխումների և ԵՄ- ԵԽ-ՀՀ համատեղ ծրագրի ֆինանսավորման շրջանակներում համակարգի ներդրման համար Հայաստանի կառավարության կողմից մշակվեց միջոցառումների ցանկ, որի շնորհիվ նոտարի էլեկտրոնային համակարգն արդյունավետորեն մտավ նոտարական գործողությունների իրականացման պրակտիկ դաշտ: Նոտարական էլեկտրոնային համակարգի առաջին գործնական կիրառությունը կատարվել է 2012թ. երկրորդ եռամսյակում: Մեկնարկումից վեց ամիս անց այն գործակվել է ևս թվով տասը նոտարական գրասենյակներում: Արդեն 2014 թվականի առաջին եռամսյակից Էլեկտրոնային նոտարն ամբողջությամբ գործարկվում է ողջ Հայաստանում: Եվ այսօր ՀՀ –ում գործող յուրաքանչյուր նոտարի հասանելի են կատարված կտակների մասին տեղեկությունները: Ցավոք ստիպված ենք կրկնել, որ թե՛ փաստաբանի պնդումները, թե՛ տեղեկությունները չճշտած լրագրողի նկարագրական պատկերումները աղերսներ չունեն իրականության հետ։

Ուստի, կրկին հորդորում ենք և խնդրում մեր գործընկեր լրագրողներին, հեռուստադիտողին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու, հաղորդման հեղինակությանը, նաև մեր կառույցի բարի համբավը չվնասելու անկեղծ մղումով առաջնորդվել և համագործակցել մեր ոլորտին վերաբերող հրապարակային նյութեր պատրաստելուց առաջ: Վստահեցնում ենք, որ մենք բաց ենք նույնիսկ ամենակնճռոտ խնդիրները միասին վերհանելու և դրանց արդյունավետ լուծումները միասին գտնելու համար:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ