ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն. Արդարադատության նա

Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն. Արդարադատության նա

08/05/2014

Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:


Պարոն Մանուկյան, դուք Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էիք, ինչպե՞ս համաձայնեցիք նշանակվել նախարարի պաշտոնին, անակնկա՞լ էր այդ առաջարկը:


Առաջարկն անակնկալ էր իհարկե, բայց զարմանալի չէր ինձ համար: Առիթ ունեցել եմ ասելու, որ չափազանց պատվաբեր է դեսպանի կարգավիճակը, սակայն իմ պարտքն եմ համարել վերադառնալ եւ փորձել օգտակար լինել երկրում ծառացած ավելի բարդ խնդիրների լուծմանը:

 

Դեսպանից նախարար գնալը հե՞շտ է, թե՞ դժվար, ո՞րն է ավելի հոգեհարազատ, մի քանի օրվա աշխատանքային փորձը ի՞նչ է հուշում:


Ցանկացած աշխատանք իր բարդությունն ունի: Տարբեր ոլորտներում եւ պաշտոններում եմ աշխատել, սական ոչ մի տեղ դեռ 4-5 տարուց ավելի չեմ մնացել: Կարծում եմ, որ բացի քաղաքական ընտրովի մի քանի պաշտոններից, որեւէ պաշտոնում երկար մնալը լճացման է տանում: Այս աշխատանքը հոգեհարազատ է, ոլորտը՝ նույնպես: Իսկ առաջին երկու օրվա աշխատանքի փորձը հուշում է որ համենայն դեպս մոտ հեռանկարում աշխատանքի պակասից չենք ձանձրանալու:

 

Ինչպիսի՞ ժառանգություն եք ստացել ձեր նախորդից՝ Հրայր Թովմասյանից, անելիքնե՞րն են շատ, թե՞ արված գործերը:


Իրավական համակարգում ես աշխատում եմ դեռեւս 1996 թվականից: Լավագույնս ճանաչում եմ համակարգը, ճանաչում եմ նաեւ անկախ Հայաստանի արդարադատության բոլոր նախկին նախարարներին Վահե Ստեփանյանից մինչեւ Հրայր Թովմասյան: Չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը երեք ու կես տարում կարող էր հրաշքներ գործել եւ համակարգը բերել իդեալական վիճակի, քանի որ բարդագույն համակարգ է, խնդիրները շատ են եւ խճճված: Թեեւ կարծում եմ, որ բավական գործ է արված եւ լավագույն նախաձեռնությունները շարունակվելու են: Հրայր Թովմասյանի հետ պայմանավորվածություն ունեմ, որ կշարունակենք առանձին հարցերում համագործակցել՝ անկախ նրա հետագա կարգավիճակից:

 

Ի դեպ, մարդու վատագույն բնորոշիչներից է գործունեությունն սկսել նախորդներին քննադատելով:  Նման բնավորություն չունեմ եւ երբեք չեմ ունեցել: Ինչպես երկրի, այնպես էլ համակարգի առջեւ մարտահրավերներ կան եւ քրտնաջան աշխատանք է հարկավոր, ոչ թե բամբասանք:

 

Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Ձեզ համար միջնորդել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, քանի որ դուք համարվում եք նրա «կադրը» Իրականությանը որքանո՞վ են

համապատասխանում այդ տեղեկությունները:


Հուսով եմ գիտեք, թե ես որքան եմ հարգում ազատ մամուլը: Միշտ բաց եմ եղել լրատվամիջոցների համար եւ կարեւորել եմ նրանց հետ թափանցիկ, գրագետ ու ճիշտ աշխատանքը: Պարզապես այս պահին ուզում եմ պայմանավորվենք հետեւյալի շուրջ. երբեւէ չեմ պատասխանելու կամ մեկնաբանելու որեւէ  ասեկոսե, բամբասանք կամ հերյուրանք եւ պիտի խնդրեմ ըմբռնումով մոտենալ: Ժամանակը թանկ է:

 

Կադրային փոփոխություններ անելո՞ւ եք, Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո նախարարության երկու աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել, խոսքը փոխնախարար Արամ Օրբելյանի եւ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի մասին, է ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:


Իրականում հարցը ինստիտուցիոնալ է: Երկրներ կան, որտեղ նմանատիպ հարց չի ծագում ընդհանրապես եւ ընդունված է, որ ղեկավարի հետ քաղաքական թիմի հեռանալն ինքնաբերաբար ենթադրելի է: Զարմանալի է հակառակը: Եթե քաղաքական թիմը բացարձակ չի փոխվում, ապա ինչու է նախարարը փոխվել այդ դեպքում: Բերեմ մի թարմ օրինակ. Վրաստանի նախագահի աշխատակազմի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է  նախագահի պաշտոնավարման ժամկետով:

Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն, բայց դա չի նշանակում որ պարտադիր պետք է փոխվեն բոլոր առանցքային դեմքերը: Արժեքավոր կադրերը գնահատելի են եւ ցանկության դեպքում կշարունակեն նոր թիմում աշխատել: Խոսքս հաստատեմ նրանով, որ օրինակ Արամ Օրբելյանին ինքս եմ առաջարկել շարունակել պաշտոնավարել, սակայն վերջնս նախընտրել է այս փուլում մասնավոր գործունեության ոլորտը, ինչում իրեն հաջողություններ եմ մաղթում:

 

Արդարադատության ոլորտը ամենից շատ քննարկվող եւ քննադատվողն է, պատրա՞ստ եք Աժ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից «քարկոծվելուն» եւ բանավեճերի մեջ մտնելուն:

 

Եթե հետեւել եք իմ աշխատաոճին, ապա պետք է նկատած լինեիք, որ ընդունում եմ ցանկացած առողջ գաղափար եւ կարծիք, կոնստրուկտիվ քննադատությունը համարում եմ սխալներից խուսափելու կարեւորագույն գործիք: «Քարկոծվելուն» պատրաստ չեմ, բայց միշտ պատրաստ եմ առարկայական բանավեճերի յուրաքանչյուր սրտացավ մարդու հետ՝ անկախ քաղաքական  եւ այլ  հայացքներից: Սիրում եմ կառուցողական եւ ստեղծագործ  մոտեցում, չեմ սիրում շոու, անչափ կարեւորում եմ բանավեճերն ու աշխատանքային քննարկումները, սակայն ճիշտ չեմ համարում, երբ խախտվում է բանավեճի կուլտուրան, էթիկան եւ փոխադարձ հարգանքը:

 

Այսօր առաջնահերթ ձեր անելիքը ո՞րն եք համարում, համակարգում փոփոխությունները ինչի՞ց եք սկսելու:

 

Ուրախ կլինեի, որ համակարգում եղած խնդիրներն այնքան քիչ լինեին, որ մեկ- երկու նախադասությամբ կարողանայի պատասխանել այս հարցին: Փորձեմ այլ ձեւով ձեւակերպել խնդիրը. ակնկալում եմ, որ որոշ ժամանակ անց համակարգի նկատմամբ  հասարակության վերաբերմունքը փոխվելու է եւ վստահության մակարդակը բարձրանալու է:

Ի դեպ երեկ  ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ինձ հրապարակային հարց էր ուղղել, թե «քանի կաշառակեր հանեցի եւ քանիսին նշանակեցի աշխատանքային առաջին օրս»: Ուզում եմ հրապարակային առաջարկ անել ֆեյսբուքյան ընկերոջս եւ ոչ միայն նրան. ովքեր ունեն մասնագիտական լուրջ կարողություններ, համարում են որ պետական համակարգում կարող են իրենց գործով օգտակար լինել երկրին եւ  արատավոր երեւույթների դեմ պայքարելու ուժ ունեն՝ հրավիրում եմ միասին աշխատելու

 

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Աղբյուր ՝ NEWS.am

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ