ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Արդյո՞ք օրենքի փոփոխությունը հավասար հնարավորություններ ստեղծեց նոտարների հավակնորդների համար

Արդյո՞ք օրենքի փոփոխությունը հավասար հնարավորություններ ստեղծեց նոտարների հավակնորդների համար

28/04/2014

Տարիներ շարունակ նոտար կարող էին դառնալ միայն այն անձինք, ովքեր նոտարի մոտ 6 ամիս անցել էին ստաժավորում: Ընդ որում, ստաժոր ունենալը նոտարի իրավունքն է, հետևաբար՝ ոչ ոք չի կարող պարտադրել նոտարին ունենալ ստաժոր: Ընդ որում, նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր: Այս դրույթն ամրագրված է «Նոտարիատի մասինե ՀՀ օրենքում:

 

Հետագայում՝ 2011թ. օրենքում կատարված փոփոխության արդյունքում որոշակիորեն «ազատականացվեցե ոլորտը. օրենքով սահմանվեց, որ նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը կարող է մասնակցել և նոտարի պաշտոնում նշանակվել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին` անկախ ստաժավորման հանգամանքից: Որակավորման ստուգումը հանձնած նման անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության սահմանած կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցմանն ուղղված եռամսյա դասընթացը ավարտելուց հետո:

Այսինքն՝ նոտար դառնալու ճանապարհին այն իրավաբանների համար, ովքեր նախապես չեն անցել ստաժավորում, օրենքով սահմանվեց ևս մեկ լրացուցիչ քայլ՝ նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում, որից հետո միայն անձը կարող է նշանակվել նոտար:

 

Ստացվում է, որ որակավորման քննություններ հանձնելու պահին ստաժավորում անցած և չանցած անձինք գտնվում են անհավասար պայմաններում՝ նոտարական գործունեության իրականացման հմտություններ ունենալու տեսանկյունից, սակայն նրանց հմտությունները գնահատվում են նույն չափանիշներով: Եվ փաստորեն այն անձանց համար, ովքեր առանց ստաժավորում անցնելու կկարողանան հաղթահարել որակավորման քննությունները, նոտար նշանակվելու համար նախատեսվում է լրացուցիչ փուլ՝ ձեռք բերել նոտարական գործունեության իրականացման հմտություններ:

 

Նոտարի թեկնածուների համար կարևորելով նոտարական գործունեության իրականացման հմտություններ ունենալու փաստը, միևնույն ժամանակ կարելի է արձանագրել, որ օրենքի՝ վերը նշված փոփոխության արդյունքում, ոլորտն ամենևին էլ չազատականացվեց, քանի որ նույն չափանիշներով գնահատել մարդկանց, ովքեր «արդեն իսկ ունեն որոշակի հմտություններե և մարդկանց, ովքեր հետագայում ՊԵՏՔ է ձեռք բերեն այդ հմտությունները, խոսում է միայն որակավորման քննություններին մասնակցության ազատականացման, սակայն ոչ ոլորտի ազատականացման մասին:

 

Նունե Հովսեփյան

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ