ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » ՍԴ. «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածը կտակի հետ կապված իրավահարաբերություններում կիրառելի չէ

ՍԴ. «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածը կտակի հետ կապված իրավահարաբերություններում կիրառելի չէ

26/02/2014

Սահմանադրական դատարանը փետրվարի 24-ին որոշեց կարճել «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը: Այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
ՍԴ-ն որոշումը կայացրեց՝ ելնելով Եվրախորհրդի՝ Վենետիկի հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչ Գրիգորի Վահանյանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից:
 
Ինչպես հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, գործի վարույթի կարճման հիմքն այն է, որ դիմողի նկատմամբ «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածը դատարանի կողմից ուղղակիորեն չի կիրառվել:
 
«Եթե սա լիներ վերացական գործով դիմում, ՍԴ-ն այլ ձևով կվարվեր, բայց քանի որ անհատական դիմումին ներկայացվող պահանջները խիստ են, դատարանը որոշեց կարճել»,-ընդգծեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանը որոշեց ոչ թե սովորական ձևով գործի վարույթը կարճել, այլ՝ հստակ իրավական դիրքորոշումներ արտահայտելով:
 
Ըստ այդմ, մասնավորապես, ՍԴ-ն միանշանակ այն կարծիքին է, որ «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածը կտակի հետ կապված իրավահարաբերություններում կիրառելի չէ, որ դատական պրակտիկայում այս հանգամանքին բավարար ուշադրություն չի դարձվել, որ կառուցակարգային խնդիրներ կան, որոնք չեն արվել, որ անհստակություն կա օրենքի 56-րդ հոդվածի համապատասխան իրավակարգավորումների մեջ, որտեղ «կտակի վավերացում», «ստորագրության վավերացում» ինստիտուտների զուգահեռաբար առկայությունը առաջացնում է խնդիրներ:
 
Նշենք, որ վիճարկվող հոդվածը սահմանում է, որ նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ: Վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը, նոտարը չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ:
 
Ըստ Գ.Վահանյանի, եթե գործարքի կամ կտակի հետ կապված որևէ փաստ նոտարական կարգով չի հաստատվել, ապա այն առոչինչ է, չունի ապացուցողական ուժ և չի առաջացնում իրավաբանական հետևանք: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացին ցանկանում է իր կտակը փոփոխել, լրացնել կամ վերացնել: Քաղաքացին  դիմում է նոտարին, սակայն, որպես կանոն, վերջինս դա չի վավերացնում սահմանված կարգով և ձևով, այլ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն, հաստատում է անձի միայն ստորագրությունը:
 
 
 
Աղբյուր՝  «Փաստինֆո»

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ