Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Վարչապետի դժգոհությունից մինչև Էլեկտրոնային նոտար. նոտարիատի բարեփոխումների ընթացքը
18/11/2013
Համատարած կաշառակերություն և համատարած դժգոհություն. 2011 թվականին Կառավարության նիստի ժամանակ այս բնորոշում էր տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը նոտարների աշխատանքի վերաբերյալ:
«Համատարած կաշառակերություն` գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին: Միանգամից գումարը վերցնում են, և պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է մեր կողմից սահմանված սակագները»,- Կառավարության նիստում 2011 թվականին ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանն ու առաջարկել վերանայել նոտարական գործողությունների սակագներն ու վերացնել սանդղակները:
…Նոտարական գործարքների գաղտնիության սկզբունքի և օրենքով սահմանված ընթացակարգային պահաջների անտեսում, նոտարական գրասենյակների պատերին փակցված տեղեկությունների անմատչելիություն, մեքենագրուհիների կողմից իրենց լիազորությունների գերազանցում, հարկային պարտականությունների չկատարում, հաստատված սակագների և քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանություն, կանխիկ վճարումների առկայություն: Սրանք այն հիմնական խնդիրներն էին, որոնք արձանագրել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2011 թվականին «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած մոնիթորինգի արդյունքներում:
2011 թվականին նոտարիատի ոլորտի բարեփոխումները նոր թափ հավաքեցին: Առաջնայինն Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի լուծարումն էր: Բաժինը զբաղվում էր ոլորտին վերաբերող բոլոր հարցերով, սակայն Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի կարծիքով, կոռուպցիոն ռիսկներ պարունակելու տեսանկյունից առաջացնում էր խնդիրներ: Նոտարիատի բաժնի լուծարումից հետո բաժնի գործառույթները վերաբաշխվել է Արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչությանը և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը. առաջինը զբաղվում է օրենսդրության և քաղաքականության մշակմամբ, երկրորդը՝ վերահսկողությամբ:
Նոտարական գրասենյակներում 2011 թվականին ՀԵԻԱ-յի իրականացրած մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարզերում քաղաքացիները բողոքում էին նոտարների սակավությունից ու առաջարկել էին ավելացնել նոտարների թիվը: 2011 թվականին Հայաստանում աշխատում էր 75 նոտար: Թվի ավելացման պահանջարկ կար, բայց նոտար դառնալու չափանիշները բավականին խիստ էին և խնդիր էր առաջացնում այն, որ նոտար դառնալու համար որակավորման քննություններին կարող էր մասնակցել բացառապես նոտարի մոտ ստաժավորում անցած անձը, իսկ ստաժոր վերցնել, թե՝ ոչ, նոտարի իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Այստեղից խնդիր էր առաջանում և ստացվում էր, որ պետությունը կախվածության մեջ է նոտարից՝ նա կունենա՞ր քննությանը մասնակցող թեկնածու, թե` ոչ: Ավելին>>