ԹԵԺ ԳԻԾ

+374 10 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Նման հարկային քաղաքականություն չի կիրառվում այլ երկրների նոտարական համակարգում»

«Նման հարկային քաղաքականություն չի կիրառվում այլ երկրների նոտարական համակարգում»

07/11/2013

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախարար նշանակվելուն պես որոշեց <<բարեփոխել նոտարիատի համակարգը>>: Իսկ այս տարվանից ուժի մեջ մտավ <<Շրջանառության հարկի մասին>> օրենքը, որը սահմանում է նոտարի կողմից մատուցված  ծառայությունների հարկի նոր չափը: Ըստ այդմ` նոտարը վճարում է եկամտի 20 տոկոսը: Այս և այլ հարցերի շուրջ է <<Առաջին լրատվական>>-ի զրույցը Կենտրոնի նոտար Մարինե Մանուկյանի հետ:

 - Տիկին Մանուկյան, ճի՞շտ է, որ նոտարները, հատկապես մարզերում աշխատող, 20 տոկոս եկամտահարկի վճարման հետ կապված որոշակի խնդիրներ ունեն:

 - Մեր ունեցած տեղեկություններով` Ազգային ժողովում վերոնշյալ օրենքի նախնական քննարկումները  եղել են 10-12 տոկոսի շուրջ, սակայն վերջնական տարբերակում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց շրջանառվող հարկի չափը սահմանվել է 20 տոկոս: Արդյունքում ոչ միայն մարզերի, այլ նաև Երևան քաղաքի նոտարների մեծ մասն ունեն խնդիրներ, քանի որ նոտարների գերակշիռ մասն աշխատում է վարձակալած տարածքներում բոլոր նոտարներն իրենց միջոցներով են ձեռք բերում նյութատեխնիկական, տրանսպորտային և այլ գրասենյակային պարագաներ, որպես գործատու են հանդիսանում նոտարական գրասենյակի աշխատակիցների համար, և եթե շրջանառությունից առանց ծախսերն հանելու վճարվի 20 տոկոսի չափով հարկ, ապա մեծ թվով նոտարական գրասենյակներ կկանգնեն խնդրի առաջ:

 Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ քաղաքացիներին իրավաբանական ծառայություն մատուցող այլ խմբերի նկատմամբ կիրառվում է անհամեմատ ավելի մեղմ հարկային քաղաքականություն: Նաև ուսումնասիրելով Նոտարական համակարգի միջազգային և տարածաշրջանային փորձը` ակնհայտ է դառնում, որ նման հարկային քաղաքականություն չի կիրառվում այլ երկրների նոտարական համակարգում:

 - Ի՞նչ ազդեցություն է ունեցել նոտարի աշխատանքի վրա այն հանգամանքը, որ նրանցից որոշ գործառույթներ վերցվել և տրվել են կադաստրին, և որքանո՞վ  է ավելի պաշտպանված քաղաքացին նոտարին  դիմելով:

 - Ոչ թե ,վերցրեցին տվեցինե, այլ 2012 թվականին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեջ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, որի արդյունքում անշարժ գույքի հետ կապված գործարքները, որոնք կնքվում են կառավարության կողմից սահմանված նմուշային ձևերով` ենթակա չեն պարտադիր նոտարական վավերացման և կարող են կնքվել անշարժ գույքի կադաստրի սպասարկման գրասենյակներում: Ցանկանում եմ նշել, որ տվյալ դեպքում կադաստրի համապատասխան աշխատակցի ներկայությամբ կողմերը պարզապես ստորագրում են նմուշային ձևի տակ: Տարբերությունն ակնհայտ է. նոտարի ստորագրությամբ և կնիքով վավերացված փաստաթուղթը ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ: Քաղաքացու կողմից նոտարին ներկայացվող փաստաթղթերը (լիազորագրեր, տեղեկանքներ, վկայականներ և այլն) նոտարի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում բանավոր կամ գրավոր հարցումներով նոտարը հավաստիանում է այս կամ այն փաստաթղթի օրինականության մեջ, որի արդյունքում հայտնաբերում և կանխում է բազմաթիվ կեղծ փաստաթղթերի հիման վրա կատարվող գործարքները: Այնուամենայնիվ,   քաղաքացին ունի ընտրության իրավունք, և սա նույնպես կարելի  է համարել բարեփոխում:

 - Որպես նոտար, Ձեր կարծիքով` օրենսդրական վերջին փոփոխությունները ի՞նչ ազդեցություն են ունեցել նոտարների աշխատանքի վրա, և արդյո՞ք դրանք բարեփոխումներ են, ինչպես պնդում են արդարադատության նախարարության ներկայացուցիչները:


- Բնականաբար, այո, դրանք բարեփոխումներ են: Վերջին տարիներին  նոտարիատի բնագավառում արդեն իսկ իրականացվել են որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում նոտար դառնալու ընթացակարգերը որոշակիորեն ազատականացվել են, կառավարության որոշմամբ փոփոխվել են սահմանված ծառայության սակագները` նվազեցնելով նախկինում առկա միջակայքերը: Բոլոր նոտարական գրասենյակներում տեսանելի վայրերում փակցվել են յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները և պետական տուրքի վճարները: Նոտարների կողմից ապահովված է վճարումների ընդունում, ինչպես փոխանցման, այնպես էլ կանխիկ եղանակով: Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի հայեցակարգի ներդրմամբ, անմիջական կապ ունենալով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, ՔԿԱԳ մարմինների, ոստիկանության հետ և հնարավորություն ունենալով  նոտարական գործողությունների կատարման համար մի շարք անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով` նոտարը հնարավորություն կունենա սեղմ ժամկետներում անցնել մեկ պատուհան սկզբունքով ծառայությունների մատուցմանը: Որպես բարեփոխում հարկ եմ համարում նշել նաև նոտարական գործարքների վավերացման համար նախկինում եղած տարածքային սահմանափակումների վերացումը, ինչը նշանակում է, որ մարզերի և Երևան քաղաքի բնակիչները կարող են իրենց հայեցողությամբ ընտրել, թե որտեղ կատարել գործարքը, Երևան քաղաքում ժառանգության իրավունքի ձևակերպման ապակենտրոնացումը, որը նախկինում կենտրոնացված էր Բաղրամյան 1 փակուղի հասցեում գտնվող նոտարական գրասենյակում, որն էլ իր հերթին առաջացնում էր մեծ հերթեր,  նոտարական թարգմանիչներով նոտարական գրասենյակներն ապահովելը, նոտարների հաստիքների ավելացումը, որը նույնպես նպաստեց նոտարական գրասենյակներում նախկինում առկա հերթերի վերացմանը: Առավել ակտիվ սկսեց գործել Նոտարական պալատը, որը   2012 թվականին իրականացրել է մի շարք դրական գործառույթներ, որոնք ուղղված են եղել նոտարական ծառայությունների որակի բարձրացմանը, նոտարների կողմից էթիկայի կանոնների պահպանմանը, նոտարների որակավորման բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:

 

Աղբյուր ՝ 1in.am

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ