Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքել կադաստրում թե՞ նոտարական գրասենյակում
24/06/2013
Ինչպես գիտենք, անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ: Պայմանագրում այդ տվյալների բացակայության դեպքում հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի դրա գինը: Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում, կողմերի գրավոր համաձայնեցված գնի մասին պայմանի բացակայության դեպքում, դրա վաճառքի պայմանագիրը համարվում է չկնքված:
Հարկ է նաև իմանալ, որ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում անշարժ գույքի վաճառքի պայմանագրի, ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում, թե՞ Նոտարական գրասենյակում:
Աղնյուր՝ Իրավաբան.net