ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Նախարարի կինը նոտա՞ր է դառնալու»

«Նախարարի կինը նոտա՞ր է դառնալու»

11/10/2012

«Նախարարի կինը նոտա՞ր է դառնալու» խորագրով «168 ժամ» թերթի տարածած տեղեկատվության մեջ  իրականությանը համապատասխանող ընդամենը երկու  փաստ կա միայն. առաջին՝ որ հոկտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունն անցկացնելու է նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը,  և երկրորդ՝ որ Վահագն Գրիգորյանը նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Մնացած բոլոր  տեղեկությունները  չեն համապատասխանում իրականությանը:

Հերքում բոլոր հիմնավորումներով

  • Թերթի տեղեկություններով  «հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը»:

Ի գիտություն

Տեղեկացնում ենք, որ  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանն ընդհանրապես չի դիմել,  չէր էլ կարող դիմել և, բնականաբար,  մասնակցել նոտարի որակավորման ստուգման  քննություններին, որովհետև 1995 թվականին ավարտելով Երևանի Գլաձոր համալսարանը և ստանալով իրավաբանի մասնագիտություն, երբևէ չի աշխատել:

Մինչդեռ   հաստատված կարգի համաձայն «Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

            Փաստ է, որ իրավաբանի մասնագիտություն ստացած Լամարա Խուդավերդյանը, ով երբևէ չի աշխատել, չէր կարող անգամ  դիմել քննություններին մասնակցելու, քանի որ  չունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ, իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,  նոտարական գործունեության  անգամ մեկ օրվա  ստաժավորում  չի անցել ոչ նոտար Հասմիկ Հարությունյանի և ոչ էլ որևէ այլ նոտարի մոտ, ինչպես «168 ժամ» թերթին են փոխանցել անանուն աղբյուրները :

Լամարա Խուդավերդյանը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո առ այսօր զբաղվում է երեք երեխաների դաստիարակությամբ:

Կից ներկայացնում ենք նոտարական պալատի խորհրդի հայտարարությունն ու նոտարի որակավորման ստուգման քննություններին դիմած և կարգի պահանջներին բավարարող անձանց ցուցակը, և եթե թերթի պատասխանատուներին հաջողվի այդ ցանկում գտնել  ՀՀ արդարադատության նախարարի կնոջ՝  Լամարա Խուդավերդյանի անուն ազգանունը, ապա նախարար Հրայր Թովմասյանը պատրաստ է «հաղթողին», որպես մրցանակ հանձնել իր ողջ ունեցվածքը: 

  • Թերթի տարածած հաջորդ տեղեկատվությունը, թե  «ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը մեկ տարի առաջ` անցյալ տարվա նոյեմբերին»
  • Ի գիտություն
  • «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության N789-Ն որոշմամբ հաստատված Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի եկրորդ կետի՝
  • « Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կոնկրետ ժամկետներում: Որակավորման ստուգում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքի միջոցով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում են ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետն ու վայրը:»

Սույն դրույթի համաձայն նախարարը  պարտավորված է քննություններ  նշանակել առնվազն ամեն երեք տարին մեկ անգամ, անկախ որևէ հանգամանքից: Միևնույն ժամանակ, նախարարը իրավունք ունի ավելի  հաճախ նշանակել քննություններ՝ ելնելով նոտարների նշանակման անհրաժեշտությունից: Այս պահին մի շարք համայնքներում առկա են նոտարների թափուր հաստիքներ, ինչպես նաև Երևանի որոշ վարչական շրջաններում կա նոտարներ նշանակելու անհրաժեշտություն, նոտարական որոշ գրասենյակներում հերթերից և քաղաքացիների կուտակումներից  խուսափելու  նպատակով: Հետևաբար նոտարական թեկնածուների որակավորման ավելի մեծ հաճախականությամբ ստուգում իրականացվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա համապատասխան նոտարներ նշանակելու անհրաժեշտություն:

  • Թերթը գրում է նաև, որ «Անցյալ տարվանից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ անցյալ տարվանից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում:
  • Ի գիտություն

Նախ Էրեբունի վարչական շրջանի նոտար  Վահագն Գրիգորյանը չի աշխատել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, նա չէր կարող և չի եղել նոտարի որակավորման ստուգման քննության թեստերի հեղինակը, քանի որ   մասնակցել է անցյալ տարի անցկացված  թափանցիկ,  հրապարակային, համացանցով ուղիղ եթերում հեռարձակվող  քննությանը:

Ինչ վերաբերում է 2012 թ. քննությունների հարցաշարերին, ապա դրանք կազմվել են  հաշվի առնելով 2011 թ. մասնակիցների բողոքներն ու լրացուցիչ հետազոտությունների արդյունքները:

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

Կարինե Քալանթարյան

Աղբյուր:  7օր.am

E-NOTARY.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
MOJ.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
DATALEX.AM
ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ARLIS.AM
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
E-REGISTER.AM
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ