ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Նոտարի աշխատանքը միայն կնիք խփելն ու գումար գանձելը չէ»

«Նոտարի աշխատանքը միայն կնիք խփելն ու գումար գանձելը չէ»

07/11/2012

Նոտարական պալատի գործունեության, համակարգում եղած խնդիրների ու կատարված բարեփոխումների մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը:

-Պարոն Ասլանյան, ո՞րն է նոտարական պալատի դերն այսօր, որո՞նք են նրա գործառույթները:

-Հայաստանի նոտարական պալատն անդամակցում է Լատինական նոտարիատի երկրների միությանը: Նոտարական համակարգը պետք է ներկայացնի նոտարիատի շահերը հասարակության մեջ, հասարակության հուզող խնդիրները նոտարական համակարգի միջոցով տարածի նոտարների մեջ, ինչպես նաև միջնորդ օղակ դառնա հասարակության, նոտարական համակարգի և պետության միջև: Նոտարական պալատի հիմնական գործառույթը նոտարական ընդհանուր մշակույթ, մեթոդիկա, դիմագիծ ունենալն է, միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցելը, դրսի փորձն ուսումնասիրելը, առկա խնդիրները բարձրացնելն ու դրանց լուծման համար ուղիներ գտնելը:

-Ի՞նչ խնդիրներ կան այսօր նոտարական համակարգում:

-Քանի որ նոտարական համակարգը Հայաստանում շատ երիտասարդ է՝ բազմաթիվ ծառս եղած խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ էլ տարբեր ճակատներով աշխատանքներ ենք տանում: Սկսած միջազգային փորձի կիրառումից, օրենսդրական դաշտի բարելավումից, նոտարական էթիկայի պահպանումից մինչև քաղաքացիների մասնավոր բողոք-գանգատների ուսումնասիրություն, դրանց սպառիչ պատասխան տալ: Տեխնոլոգիաների զարգացման պարագայում կառավարության որդեգրած բարեփոխման քաղաքականությունից զերծ չի մնա նաև նոտարական համակարգը: Այդ առումով մեր թիվ մեկ խնդիրն էլեկտրոնային համակարգի ներդնումն է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Առաջիկայում կսկսենք դրա իրագործումը:

-Նոտարական պալատի գործունեությունն այսօր որքանո՞վ է նպաստում երկրում իրավական բարեփոխումների իրականացմանը:

-Ցանկացած երկրի զարգացման խթանիչ ուժերից մեկը հասարակական սեկտորի կայացումն է: Պալատն իր բարերար ազդեցությունն ունի և նոտարական համակարգի, և ժողովրդի ու նոտարական համակարգի միջև հարաբերությունների ձևավորման առումով: Պալատն իր դրական ազդեցությունը չի կարող չունենալ, եթե ճիշտ հենքի վրա է դրվում, աշխատանքները տարվում են նպատակասլաց ու առարկայական և ոչ թե գաղափարական և սահմանափակ:

-Նոտարին դիմելու մշակույթ մեզանում ձևավորվա՞ծ է:

-Ցավոք ոչ, քանի որ մեր զարգացածության և իրավագիտակցության աստիճանը դեռևս թույլ չի տալիս գործել ցանկալի դաշտում: Միևնույն ժամանակ մեր ժողովուրդն օրինապաշտ է, կարծում եմ ժամանակի ընթացքում այդ մշակույթը կձևավորվի:

-Պալատում գործում է թեժ գիծ: Քաղաքացիներից ի՞նչ բնույթի զանգեր եք ստանում:

-Նոտարական պալատի շենքի բացման խոսքի ժամանակ Արդարադատության նախարարը նշեց, որ ի թիվս այլ գործառույթների, Պալատը պետք է դառնա հասարակության գանգատի, բողոքի առաջին արտացոլողը:

Թեժ գծի աշխատելուց հետո հարյուրավոր զանգեր ենք ստացել, բավականին արձագանք ունենք որոշակի խնդիրների լուծման առումով: Գոյություն ունի հարցերի որոշակի սեկտոր, որ նոտարական պալատի գորածառույթը չէ, բայց մեր քաղաքացիների այդ դիմում-բողոքների ուղղությամբ ևս աշխատում ենք: Եթե նույնիսկ այդ խնդիրների լուծումը մեր լիազորությունների շրջանակում չէ, փորձում ենք գոնե դրանք բարձրացնել:

-Քաղաքացիների դժգոհությունն իսկապե՞ս կապված է օբյեկտիվ խնդիրների հետ, թե՞ այդ դժգոհությունը նաև անտեղյակության արդյունք է:

-Մեր երկիրը թե՛ կրթական, թե՛ տեղեկատվական մակարդակի առումով այն աստիճանի վրա չէ, որ հասարակության գերակշիռ մասն ունենա իրավական պարզ գրագիտություն: Այդ առումով հարցը տեղին է, քանի որ բողոքների մեծ մասը հիմնականում անհիմն է լինում: Բազմաթիվ դատական ատյաններով անցնելուց, վեճերի՝ դատական հանգուցալուծում ստանալուց հետո քաղաքացին դիմում է մեզ՝ ևս մի դուռ, մի ատյան փորձելու մտայնությամբ: Այնպես որ ոչ միշտ է, որ քաղաքացիների դիմումները տեղին են:

-Իսկ օբյեկտիվ դժգոհություններն ինչի հետ են կապված:

-Ցանկացած օբյեկտիվ դժգոհություն ունի սուբյեկտիվ պատճառներ: Դա կարող է լինել կամ քաղաքացու անտեղյակությունը, կամ նոտարի սուբյեկտիվ վերաբերմունքը: Որտեղ կա մարդկային գործոնը, այնտեղ կա սուբյեկտիվիզմի որոշակի դրսևորում: Այդ դժգոհությունները կապված են լինում էթիկայի նորմերի խախտման, քաղաքացուն ոչ պատշաճ իրավական օգնություն ցույց տալու հետ: Բայց կարծում եմ՝ դրանք բոլորը լուծելի խնդիրներ են:

-Կարգապահական պատասխանատվության ենթարկվածները շա՞տ են, ո՞ր դեպքում եք ենթարկում պատասխանատվության:

-Կարգապահական տույժերը կիրառվում են այն դեպքում, երբ կոնկրետ նոտարի կոնկրետ կատարած գործարքից քաղաքացին բողոք է ներկայացնում: Եթե գործն ստուգելուց հետո պարզվում է, որ նոտարը թույլ է տվել օրենսդրական կամ նոտարական որևէ սխալ, այդ դեպքում Արդարադատության նախարարությունը կամ որոշ դեպքերում նոտարական պալատը լիազորությունների շրջանակում կարգապահական վարույթներ են հարուցում: Ըստ գործած խախտման էլ որոշվում է կարգապահական վարույթի խստության աստիճանը:

Տարեկան կտրվածքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու 7-10 դեպք է լինում: Այս տարի արդեն գրանցվել է 3-4 դեպք:

-Նվազման միտում տեսնո՞ւմ եք:

-Իհարկե, եթե աճի միտում լիներ, նոտարական պալատի գործառույթները և նոտարական համակարգը որպես բարեփոխման ճանապարհի վրա գտնվող օրգանիզմ, կարելի էր համարել չկայացած: Թեև միևնույն դեպքում նվազման կամ աճման առումով միանշանակ պատասխան տալ չենք կարող: Եթե գործառույթներն իրականացվեն տեղին և նպատակային, հնարավոր է՝ որոշակի փուլում մի քիչ ավելի ուշադրության, օրենքի նկատմամբ խիստ կիրառելիության դաշտում նաև աճման միտում լինի:

-Պալատի շենքի բացման օրը Արդարադատության նախարարը համոզմունք էր հայտնել, որ ապագայում ունենալու ենք այնպիսի նոտարական համակարգ, որի դեպքում հանրությունը ոչ թե նոտարիատից բողոքելով գնալու է կառավարություն, այլ հակառակը: Որքանո՞վ է մոտ այդ ապագան:

-Դա կապված է մի շարք գործոնների հետ: Հաճախակի ենք հանդիպում դեպքերի, որ քաղաքացին բողոքում է, թե նոտարն իրեն մերժել է: Բայց երբ փորձում ենք պարզել, թե որքանով է բողոքը հիմնավոր, հասկանում ենք, որ այդ բողոքների մեծ մասի դեպքում նոտարը սխալ չի գործել: Օրինակ՝ փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում տառասխալներ կան՝ կապված քաղաքացու անուն-ազգանվան հետ, որ գալիս են հնից, ասենք՝ խորհրդային տարիներից: Նոտարը դա ինքնուրույն ուղղել չի կարող: Երբ քաղաքացին ի դեմս նոտարի կտեսնի որակյալ իրավաբանի, այդ դեպքում չեմ կարծում, որ միջինից բարձր կրթական մակարդակ ունեցող անձը չցանկանա օգտվել նոտարի խորհրդատվությունից և իրավաբանական ծառայությունից: Նոտարի աշխատանքը կողքից կարող է թվալ միայն կնիք խփող և գումար գանձող աշխատանք: Բայց այդպես չէ: Պատահական չէ, որ նոտարներից շատ քչերն են հասնում թոշակի տարիքի: Սա շատ բարդ, պատասխանատու, նյարդային աշխատանք է: Կրկնում եմ, երբ հասարակությունը տեսնի, որ նոտարն իրեն որակյալ իրավաբանական ծառայություն է մատուցում, նոտարին վճարելուց չի խորշի: Նոտարի կերպարն էլ չարչու տպավորություն չի ստեղծի: Այս առումով մեր հիմնական գործառույթը նոտարական համակարգի աշխատողների վերապատրաստումն է, որը պարբերական և շարունակական բնույթ է կրում:

-Օգտվո՞ւմ եք միջազգային փորձից:

-Իհարկե: Հոկտեմբերի 6-ից սկսելու ենք դասընթացներ: Քանի որ ՌԴ Նոտարական պալատը շատ ավելի շուտ է կայացել՝ 1993-ին, փորձի փոխանակման համար հրավիրել ենք նաև ՌԴ Նոտարական պալատի դասախոսական մի խմբի: Փորձի փոխանակումների միջոցով պետք է բարձրացնենք նոտարի դերն ու նշանակությունը: Ցանկացած նորմալ իրավական պետությունում նոտարն ունի իր ուրույն տեղը հասարակական հիերարխիայի համակարգում: Գտնվելով պետությունից անկախ՝ այնուամենայնիվ գործում է պետության անունից, պետության զինանշանով: Եվ պատահական չէ, որ պետական կարևոր փաստաթղթերի տակ նույնիսկ դրվում է նոտարի կնիքը:

Հեղինակ: «Փաստինֆո» 
Նոտարի աշխատանքը միայն կնիք խփելն ու գումար գանձելը չէ - See more at: http://www.pastinfo.am/node/2001#sthash.5mfgnyFh.dpuf
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ