ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Կայացավ ՀՀ նոտարական պալատի անդամների հերթական ընդհանուր ժողովը

Կայացավ ՀՀ նոտարական պալատի անդամների հերթական ընդհանուր ժողովը

07/02/2018

Սույն թվականի փետրվարի 3-ին կայացավ ՀՀ նոտարական պալատի անդամների հերթական ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի ընթացքում խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանը և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության երրորդ բաժնի պետ Դանիել Մխեյանը:

Մինչ ՀՀ նոտարական պալատի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնելը, Նախագահող Վանինե Հովսեփյանը հայտնեց, որ 01.01.2018թ. ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) հարկային դաշտում կատարվել են մի շարք էական փոփոխություններ, որոնց հետ անմիջականորեն առնչվում են նաև նոտարները իրենց գործունեության ընթացքում: Օրենսգրքով փոփոխված որոշ դրույթների պազաբանման նպատակով ՀՀ նոտարական պալատը մասնագետ է հրավիրել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից: Նախագահողը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և խոսքը փոխանցեց վերջինիս: Քննարկվեցին նոտարների կողմից վճարվող եկամտային հարկի, գույքի օտարման գործարքներից բխող հարկային պարտավորությունների և նոտարի իրավակիրառ գործունեության ընթացքում անհրաժեշտ էական այլ իրավակարգավորումների վերաբերյալ հարցերը:

Այնուհետև ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը ներկայացրեց ՀՀ նոտարական պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունների ներկայացմամբ հանդես եկան նաև ՀՀ նոտարական պալատի մշտական երեք հանձնաժողովների նախագահները: Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում հաստատվեցին ՀՀ Նոտարական պալատի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը, ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Նախագահողը նշեց, որ 2017 թվականին «Մարտունի» նոտարական տարածքի նոտար Սուսաննա Մելքոնյանը, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանը, «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանը և «Վաղարշապատ» նոտարական տարածքի նոտար Վրեժ Ղարիբյանը անցել են իրենց վաստակած և արժանավոր հանգստին, որի կապակցությամբ ՀՀ նոտարական պալատի անունից շնորհակալություն հայտնեց վերջիններիս՝ ՀՀ նոտարական պալատի կայացման և նոտարական համակարգի զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար: Ի հավաստումն շնորհակալության՝ վերջիններիս հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ:

Հաշվի առնելով, որ 2017թ. Նոտարական պալատը համալրվել է 18 անդամներով, խոսքը փոխանցվեց վերջիններիս ՀՀ նոտարական պալատի կանոնադրությամբ նախատեսված երդմամբ հանդես գալու համար: Նախագահողը շնորհավորեց բոլոր նորաթուխ կոլեգաներին նշանակման կապակցությամբ, մաղթեց մասնագիտական հաջողություններ և նշեց, որ ակնկալում է վերջիններիս ակտիվ մասնակցությունը պալատի կյանքին:

Ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվեցին նաև նոտարական գործունեության ընթացքում ծագող որոշ տեխնիկական հարցեր:

 

Նկարներ -»

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ